Գարեգին Երկրորդի եղբայրը կալանավորվել է մեկ ամսով | armenpress.am

armenpress.am Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, կալանավորվել է մեկ ամսով։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։

Նույն հոդվածով քրեական հետապնդում է հարուցվել նաև Գևորգ Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ։ Նրա խափանման միջոցի հարցով դատական նիստը դեռ շարունակվում է։ Քննչական կոմիտեն Համբարձում Ներսիսյանին ևս կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։

Քրեական վարույթի հիմք է դարձել Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի գրառումը, որտեղ նշված էր, որ նոյեմբերի 1-ին Գևորգ Ներսիսյանը և նրա որդին խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։

Փաստաբան Արա Զոհրաբյանը, սակայն, հրապարակել էր տեսանյութ՝ պնդելով, որ Ներսիսյանների գործողություններում հանցակազմ չկա։

«Դեպքը տեղի է ունեցել այսպես․ Համբարձումը իր տան դարպասի դիմաց կանգնած էր, երբ իրեն մոտեցել է մի մարդ և առաջարկել մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է, զրույցին միացել է նաև Գևորգ Ներսիսյանը, նրանք խոսել են և խաղաղ բաժանվել»,– գրել էր Զոհրաբյանը։

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, իսկ ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն