ՀՀ Քննչական կոմիտեից 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվել է:
Հիշեցնենք, որ կալանավորվել է նաև Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը:
Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։
Փաստաբանը հայտնել էր, որ վերջիններս ձերբակալվել են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար, որը, սակայն, ըստ փաստաբանի, չի համապատասխանում իրականությանը։
«Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը: […] Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության՝ ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել», – ասված է փաստաբանի հայտարարությունում, որին կից տեղադրել է այդ օրը բակի տեսախցիկներից նկարահանված տեսանյութ։