civilnet.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա։
«Այստեղ խնդիրն արագությությունն է՝ անցնելու այդ -անապարհը։ Այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում առկա քաղաքական կամքը, այլև որոշակի գրավիտացիոն գործոններ»,- ասաց Փաշինյանը՝ նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ արձագանքելով թուրք լրագրողի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին։
Փաշինյանը վերահաստատեց իր կարծիքը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը ժամանակի հարց է։
«Վերջին տարիներին մենք նախագահ Էրդողանի հետ հաճախ ենք հանդիպում։ Երկու անգամ ես աշխատանքային այցով Թուրքիա եմ այցելել և նախագահ Էրդողանին պաշտոնապես հրավիրել եմ Երևան՝ մասնակցելու 2026-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Հույս ունեմ, որ այդ հրավերը նա կընդունի»,- ասաց վարչապետը։
***
Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են Թուրքիայի հետ սպասվող շոշափելի ձեռքբերումների մասին։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ շատ շոշափելի ձեռքբերումներ, պայմանավորվածություններ կլինեն։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։
2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։