armenpress.am Հաղարծինի վանքի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը, որը ժամանել էր Մայր Աթոռ՝ մասնակցելու իր հարցով Կարգապահական հանձնախմբի հրավիրված հանդիպմանը, հրաժարվել է քննարկմանը մասնակցելուց։
Տեր Տարոն քահանա Հունանյանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ, Տեր Տարոն Հունանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ հրավիրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին, և հրապարակել էր հանձնախմբի՝ հոկտեմբերի 31-ի հրավեր-նամակը։
Նամակում նշվում է, որ քահանան հրավիրվում է հանձնախմբի նիստին՝ պարզաբանումներ ներկայացնելու իր ծառայության վայրն ինքնակամ լքելու, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից արարողությանը մասնակցելու վերաբերյալ։
«Ես այսօր եկա, որպեսզի մասնակցեմ կարգապահական հանձնախմբի քննարկմանը։ Ինձանից պահանջեցին հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի, որովհետև դա իմ անձնական տարածքն է։ Առաջարկեցի պարզապես անջատել հեռախոսը, սակայն նրանք պնդեցին հանձնելու վրա։ Մինչև այդ պահանջը կատարելը, ես հարցրեցի՝ արդյո՞ք սենյակում ներկա անդամներն են քննելու իմ հարցը, և երբ ստացա դրական պատասխան, հայտարարեցի, որ հրաժարվում եմ այս կազմով որևէ քննարկման մասնակցել։ Թող նախ այդ կազմի կարգապահական հարցերը քննարկեն, նոր անդրադառնան իմ անձին»,– ասաց Տեր Տարոն քահանա Հունանյանը՝ հրաժարվելով անուններ նշել, թե ովքեր էին այն հոգևորականները, որոնք պետք է մասնակցեին իր հարցով քննարկմանը։
Նա հավելեց, որ մնացած հարցերի վերաբերյալ անհրաժեշտ է դիմել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին։