Փորձել ենք այն հատվածները լուսաբանել, որոնք մեզ համար կարևոր են. ՔԿ նախագահը՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով ձայնագրությունները մոնտաժելու մասին

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2026թ. բյուջետային հատկացումները:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ իր վրդովմունքը հայտնեց այն փաստի մասին, որ, իր խոսքով, նսեմացվում է ««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» (չակերտները՝ խմբ.) դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Նա արձագանքում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարությանը: Վերջինս Պողոսյանին հիշեցրեց Հանրային ՀԸ-ում նրա հայտարարությունը, ըստ որի՝ վերոնշյալ վարույթի շրջանակում հրապարակված ձայնագրություններում կան «մարդկանց գյուլլելու» մասին պնդումներ: Գրիգորյանը հիշեցրեց, որ դրանք մոնտաժված ձայնագրություններ են եղել, ուստի համատեքստից կտրված է ներկայացվել վերոնշյալ արտահայտությունը և հարցրեց, թե Պողոսյանը ներողություն խնդրելո՞ւ է այդ հայտարարության համար:

Ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահը ասաց, որ վերահաստատում է Հանրային ՀԸ-ում իր հայտարարությունը՝ նշելով, որ ժամանակը կգա, հանրային դատաքննության ընթացքում բոլոր փակագծերը կբացվեն, և կհասկացվի, որ ՔԿ նախագահը «մի բան էլ քիչ է ասել»:

«Տեղյա՞կ եք, որ այդ գործով իրենց ձեռքով գրված ապացույցներ կան, որ արարքի որակումն ինքն իրեն տվել է՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն: (…) Բառացի ասում եմ՝ ահաբեկչական գործողություն.. Խուզարկությամբ հայտնաբերվել է, որակումն էլ են իրենք տվել, թե ոնց են «զավթում», «գրավում» ոստիկանության շենքերը»,- ասաց Պողոսյանը:

Ձայնագրությունները համատեքստից կտրված ներկայացնելու վերաբերյալ ՔԿ նախագահը հետևյալ պարզաբանումը տվեց. «Մարդիկ ամիսներ շարունակ խոսակցություններ են ունեցել, խոսել են կենցաղային հարցերով, տարբեր հարցերով: Այդ խոսակցությւոնները մենք պետք է որոշակի ձևաչափով հանրությանը ներկայացնեինք ժամկետային սահմանափակումներով: Հիմա մենք փորձել ենք այն հատվածները լուսաբանենք, որոնք ըստ էության մեզ համար կարևոր են, բայց դա չի նշանակում, որ միայն այդ խոսակցություններն են»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն