armenpress.am Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով թուրք լրագրողի հարցին, կոչ արեց TRIPP հաղորդակցության ծրագրի մասին խոսելիս չօգտագործել միջանցք տերմինը:
Այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:
«Տարբեր երկրներ՝ բանակցությունների տարբեր փուլերում, այս կամ այն կերպ ցանկություն են ունեցել, օրինակ, անվտանգային կամ ռազմական ներկայություն ունենալ երկաթուղու երկայնքով կամ վերահսկողություն ունենալ այդ ենթակառուցվածքի նկատմամբ: Բայց մենք հիշում ենք այդ բանակցությունների ընթացքը և, երբ ինչ-որ մեկն այդ սենյակում ասում է միջանցք, մեզ մոտ մեխանիկորեն արթնանում է այդ մտահոգությունը, որ ինչ-որ մի թաքնված մտադրություն կա այստեղ, որը կարող է վնասել Հայաստանի ինքնիշխանությանը: Կա պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Թրամփի ստորագրությունը, այդ անունն է TRIPP»,- ասաց Միրզոյանը՝ դիմելով իրեն հարց ուղղած թուրք լրագրողին, որը, խոսելով TRIPP-ի մասին օգտագործել էր միջանցք տերմինը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ TRIPP-ի միջոցով ապահովվելու է նաև Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ՝ Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների պահպանմամբ։