civilnet.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ի կառավարության նիստին անդրադարձավ ուսուցիչների ու զինծառայողների վարձատրություններին և ատեստավորման գործընթացին։
Վարչապետի ներկայացմամբ՝ Հայաստանում 2,118 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 863 ուսուցիչ՝ 400-500 հազար դրամ, 109 ուսուցիչ՝ 500-600 հազար դրամ, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ, իսկ 2 ուսուցիչ՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն։
Նրա խոսքով՝ ատեստավորման արդյունքում մյուս ուսուցիչները ևս կարող են 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստանալ։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ստացել է շարքային պայմանագրայինների վարձատրության տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ 1,559 զինծառայող ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն, 1,556 զինծառայող՝ 400-500 հազար դրամ, 523 շարքային զինծառայող՝ 500-600 հազար դրամ, 244-ը՝ 600-700 հազար դրամ, իսկ 31 զինծառայող՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն։ Նա շեշտեց, որ սա ոչ թե բարձրաստիճան զինվորականների, այլ շարքային պայմանագրայինների վարձատրության արժեքն է։
«Այսօր տեղեկացա, որ ավելի քան 8,000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար, սա նշանակում է, որ ատեստավորման նկատմամբ վստահությունը և հետաքրքրությունն ավելացել է, սա կարևոր գործոն է»,- ամփոփեց վարչապետը։