Վարչապետը չի բացառում Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների նոր խմբաքանակների ներմուծումը | armenpress.am

armenpress.am Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների գործընթացը դինամիկ է և փոփոխվող, և առաջիկայում կարող են ներգրավվել նոր շարժակազմեր։

Նոյեմբերի 6-ին լրագրողներից հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ռուսական  ցորենի խմբաքանակի ներմուծմանը Հայաստան և այդ ուղղությամբ առաջիկա քայլերին։

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ պայմանավորվածություններ կան նոր բեռների հոսքի վերաբերյալ և արդյոք այն սահմանափակվո՞ւմ է միայն ցորենով, վարչապետը պատասխանեց, որ իրավիճակը անսպասելի և դինամիկ զարգացումներ ունի։

Վարչապետի խոսքով՝ ի սկզբանե նախատեսված էր, որ առաջին գնացքը Հայաստան պետք է հասներ Ղազախստանից, սակայն գործընթացում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով Ադրբեջանը հնարավորություն է տվել նաև Ռուսաստանից եկող գնացքներին օգտագործել այդ ուղին։

«Պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին, և հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբեր այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտեր են գեներացվում։ Ըստ էության՝ հոսքերը սկսում են վերադասավորվել նաև Ադրբեջանով Հայաստան հասնելու համար»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, որ մինչև Ղազախստանի առաջին շարժակազմը կհասնի, հնարավոր է, որ այլ շարժակազմեր ևս տեղ հասնեն։

«Ենթադրում եմ, որ, գուցե, էլի շարժակազմեր լինեն։Իրավիճակն անընդհատ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը կարևոր համարեց նաև հակառակ ուղղությամբ բեռների հնարավոր հոսքը՝ Հայաստանից կամ Վրաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, Ղազախստան կամ այլ երկրներ։

«Պետք է նաև գործնականում պարզվի՝ հակառակ ուղղությամբ ապրանքներ ինչպե՞ս են հոսելու։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա»,- ավելացրեց նա։

Վարչապետը կարևորեց տեղի ունեցող զարգացումները՝ դրանք գնահատելով որպես շատ մեծ և կարևոր իրադարձություն։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն հանում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները՝ ընդգծելով, որ առաջին խմբաքանակը՝ Ղազախստանից նախատեսված ցորենը, կուղարկվի Հայաստան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել էր այս հայտարարությունը և հայտարարել, որ Հայաստանը նույնպես հանում է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան և Թուրքիա բեռների տարանցման համար։

Նոյեմբերի 6-ի գիշերը Հայաստան էր հասել շուրջ 1000 տոննա ցորենի խմբաքանակ, որն Ադրբեջանի տարածքով ուղարկել էր Ռուսաստանը։   Ռուսական կողմը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ևս 132 վագոն ցորենի արտահանում Հայաստան նույն երթուղով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն