Կարգալույծ է հռչակվել Տ․ Տարոն քահանա Հունանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ․ Տարոն քահանա Հունանյանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ստորև ներկայացված հիմնավորումներով կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝

ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,

բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,

դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,

ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով:

Հիշեցնենք, որ Տեր Տարոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Մայր աթոռի կարգապահական հանձնախմբից իրեն ուղարկված հրավերը, որում նշված էր, որ նրան հրավիրել են հանձնախմբի նիստին` պարզաբանումներ ներկայացնելու ծառայության վայրն ինքնակամ լքելու, կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում բեմականացված հակականոնական արարողությանը մասնակցելու (քահանայությունից արդեն իսկ լուծվածին մեղսակից լինելու), ինչպես նաև նույն օրը հակաեկեղեցական հայտարարություններ անելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն