Պապոյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարին հրավիրել է Հայաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիի հետ․ կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման և նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջային հոսքերի աճն ու ամրապնդել հայ-հունական բարեկամական կապերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Հայաստանի և Հունաստանի սերտ բարեկամությունը ունի խոր պատմական արմատներ, և Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու երկրների միջև երկարամյա համագործակցությունը։ Այսօր մենք շարունակում ենք ամրապնդել այս կապերը նոր, գործնական գործընկերությունների միջոցով՝ հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ է, այլև մշակութային փոխըմբռնման և մեր ժողովուրդների բարեկամության կամուրջ», – նշել է Գևորգ Պապոյանը։

Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

«Երկուստեք կարևորվել է փոխգործակցության ակտիվացումը զբոսաշրջության ոլորտում գործող միջազգային տարբեր հարթակներում, ինչը կնպաստի երկու երկրների զբոսաշրջային ուղղությունների ճանաչելիության բարձրացմանն ու նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ նախաձեռնությունների իրագործումը նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի աճին ու Հայաստնի և Հունաստանի միջև բարեկամական կապերի հետագա խորացմանը։

Նախարար Գևորգ Պապոյանը հրավիրել է Օլգա Կեֆալոյանիին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի զբոսաշրջային ներուժին։
Օլգա Կեֆալոյանիին սիրով ընդունել է հրավերը․ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր (MOU)՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդմանը։

Այցը նախատեսված է այս տարեվերջին կամ հաջորդի սկզբին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն