Ադրբեջանը համաձայն էր հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը մերժեց. Քոչարյան | news.am

news.am Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախը բեռ էր Հայաստանի համար, և Արցախը հանձնելով մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին TV5–ին գտված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ուրեմն եթե մենք շարունակեինք ունենալ հիմա Արցախը, եթե չտայինք 5 հազար զոհ, 11 հազարից ավելի վիրավորներ, մենք կլինեինք խեղճուկրակ, սուվերենությունը կորցրած դժբախտ և դժգույն, մեր պատմության հետ հաշտության մեջ հիմարացած միճակում մի ժողովուրդ։ Սա է ուզում ասել նա։

Պատերազմը չէր լինի, եթե չարվեին այն սխալները, որոնք ես նշեցի։ Բանակցային գործընթացի կավարտվեր Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019–ին,  առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ, ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելով»,–ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ բանակցային գործընթացի օրակարգում Նիկոլ Փաշինյանը 2018–ից հետո իր հետ հանդիպելու որեւէ փորձ չի արել. «Ինչքան գիտեմ, նա հանդիպել է առաջին նախագահի հետ, որից հետո ասել է, որ որեւէ նոր բան չի լսել։ Չեմ կարծում, որ ինքը  ընդհանրապես ընդունակ է որեւէ խորհուրդ լսելու։ Ամենից անհասկանալի կետն ինձ համար այն էր, երբ հոկտեմբերի 18-19–ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր և Նիկոլ Փաշինյանը մերժեց՝ հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետեւ Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակն այլևս չունի։ Կա այդ զեկույցը։ Բայց ինքը որոշում կայացրեց շարունակել պատերազմը։
Իր բացատրությունը հետևյալն էր, որ այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն դավաճան։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.5 հազար լրացուցիչ զոհ և առնվազն 5-6 հազար վիրավոր։ Բա սա առաջնորդի քա՞յլ է։»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ինքը պատերազմի գալու զգացումն ունեցել է մոտ մեկ տարի մինչև պատերազմի սկսվելը։

«Ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում էր պատերազմ հրահրելու համար։ Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, որը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ, Հայաստանը հրաժարվեց բանակցել։ Ամբողջ բանակցային գործընթացում առաջին անգամ կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստռաթողւթը։ Դա ներկայացվել էր 2019–ի ամռանը։ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ասում էր՝ սկսելու ենք զրոյական կետից և թող բանակցեն Ղարաբաղի հետ։ 2019–ին ներկայացված փատաթուղթը հրաժարվել է ուղղակի բանակցել՝ ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթացը։ Սա բերեց նրան, որ միջազգային  հանրության և Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանը ամբողջ այդ խպրոցեսի ձախողող կողմն է։ Ի՞նչ պետք է աներ Ադրբեջանը, պետք է սկսեր պատրաստվել պատերազմի։ Սա հիմնական ֆունդամենտալ պատճառն է։

Ես չգիտեմ՝ ինչո՞վ էր առաջնորդվում ՀՀ վարչապետը։ Իմ տպավորությամբ, օդերում էին, թվում էր, թե 2018–ի այդ հեղափոխությունից հետո համաշխարհային դեմք է դարձել և կարող է իրեն թույլ տալ նման կարգի քայլեր։ Դրանից հետո հնչեց այդ նախադասությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Սրանով ինքը խաչ քաշեց որեւէ սպասելիքի վրա։ Երբ չկան բանակցություններ, կողմերից մեկը, որը դժգոհ է այդ իրավիճակից, պետք է սկսի պատրաստվել պատերազմի։

Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է գնահատեր այդ պատերազմում հաղթելու իր շանսերը։ Եվ կատարվեց ևս մեկ կարևոր հանգամանք, որը դրդեց Ադրբեջանին պատերազմի։ Այն, ինչ արվում էր բանակի հետ 2018–ից սկսած, վարկաբեկման մի արշավ հրամանատարական կազմի դեմ, ասելով, որ գեներալները բոլորը թալանչի են և այլն, սա բերեց բանակի շեշտակի թուլացման։

Կար ևս մեկ հանգամանք, դա քո ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումն էր և ՀԱՊԿ–ի հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնելն էր»,– ասաց նա։

Քոչարյանի խոսքով, այս երեք հանգամանքները միացան և իդեալական պայմաններ ստեղծեցին Ադրբեջանի համար որոշում կայացնելու։

«Վերջին կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում սահմանային կոնֆլիկտը, որն ուռճացվեց, հասցվեց երկրորդ Սարդարապատի մակարդակի։ Հայաստանի հյուսիսում այդ միջադեպը բավական մեծ արձագանք ունեցավ Ադրբեջանում։ Լայնածավալ հանրահավաքներ էին, որոնք Ալիևից պահանջում էին միջոցներ ձեռնարկել և Ադրբեջանի նախագահը վտանգ զգաց իր իշխանության համար։

Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մեկը չկանգնեց։ Բանակը թուլացած էր, պատերազմում Ադրբեջանի հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծացավ։ Քո դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրել ես, ուրեմն իրենց ուղղակի միջամտության հանավականությունը ևս փոքրացավ։ Այդպիսի քայլեր կարող է անել միայն անպատասխանատու մարդը, եթե դա չի արվել գիտակցաբար՝ պատերազմ հրահրելու համար»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

Նա հավելեց, որ սա կամ աշխարհաքաղաքական առումով տգիտության արդյունք է, կամ եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ, կաներ այն քայլերը, որոնք արվեցին։ «Իշխանափոխությունից հետո հայտնի կդառնա, թե իրական պատճառները որոնք էին»։

Քոչարյանը ֆանտաստիկայի ժանրից անվանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ վերջինս արդարանալու համար ասել է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն արել է, որովհետեւ ինքը հայրենասեր էր. «Պատկերացրեք, թե մեր ժողովուրդն ինչ թանկ գին է վճարել այդպիսի ընկալումների համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն