44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի գործով լրացուցիչ դատալսումներն այսօր ավարտվեցին։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռ կայացնելու։
Հայկազ Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում էր առանց վերադաս հրամանատարության թույլտվության 2020թ․ հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից վաշտի կազմով նահանջելու մեջ։ Ամիսներ առաջ դատարանը նրան մեղավոր է ճանաչել այդ արարքի համար, սակայն պատիժ չի նշանակել, քանի որ Քրեական դատավարության գործող օրենսգրքի համաձայն՝ մեղավորության-անմեղության եւ պատժի նշանակման հարցերն այժմ քննվում են առանձին։
Պաշտպանը հրապարակեց Գրիգորյանի անձը բնութագրող փաստաթղթերը
Այսօրվա դատական նիստում Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը հրապարակեց Հայկազ Գրիգորյանի անձը բնութագրող փաստաթղթեր, որոնք ստացել էր ՀՀ ԶՈՒ զորամասերից։
Առաջին տեղեկանքը տրամադրել էր ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ Սեմյոնովը՝ առ այն, որ Հայկազ Գրիգորյանը մասնակցել է մարտական գործողությունների 2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ տեղեկանքը տրամադրել էր ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավորապես կատարող փոխգնդապետ Խաչատրյանը՝ առ այն, որ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ․-ին, հակառակորդի հետ շփման գծում Գրիգորյանն իրականացրել է մարտական հերթապահություն։
«Տեղեկանքներով հավաստվում է, որ Հայկազ Գրիգորյանը Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմի ամբողջ ժամանակահատվածում ներգրավված է եղել մարտական գործողությունների մեջ, իսկ դրանից հետո՝ ՀՀ ՊՆ N զորամասում զինվորական ծառայություն իրականացնելու ողջ ընթացքում եւս, իրականացրել է մարտական հերթապահություն»,- նշեց պաշտպանը։
Մեղադրողն առաջարկեց դիտարկել քրեական գործ հարուցելու որոշմամբ տրված բնութագրումները եւս
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը նկատեց՝ նախորդ նիստում դատարանը կարեւորել էր Գրիգորյանի բնութագիրը այն համատեքստում, որ դա կարող է նշանակություն ունենալ կոնկրետ դեպքից՝ հոկտեմբերի 3-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, իսկ այդպիսի բնութագիր, ըստ մեղադրողի, կարող էր տալ կա՛մ անմիջական հրամանատարը, կա՛մ վերադաս հրամանատարությունը․ «Ռ․ Սեմյոնովը, եթե չեմ սխալվում, հանդիսացել է օպերատիվ կառավարման ստորաբաժանման ղեկավարը, այսինքն՝ չի հանդիսացել անմիջական հրամանատար։ Եվ որպեսզի օբյեկտիվ լինի գնահատելը, թե ինչպիսի վարքագիծ է դրսեւորել Հայկազ Գրիգորյանը հոկտեմբերի 3-ից հետո, կարելի է քննարկման առարկա դարձնել քրեական գործ հարուցելու որոշումը, որը բովանդակում է Հայկազ Գրիգորյանի համածառայակիցների եւ նրանց հարազատների հաղորդումը այն մասին, որ Գրիգորյանը նաեւ հոկտեմբերի 9-ին է անփույթ վերաբերմունք դրսեւորել․ մարտի ընթացքում ստորաբաժանմանը թողել են առանց պատշաճ ղեկավարման եւ հսկողության, որի ժամանակ Իսախանյանը ստացել է վիրավորում, վերջինիս օգնություն չի ցուցաբերվել, եւ մինչ օրս նրա վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա։ Կարծում եմ՝ սա շատ կարեւոր հանգամանք է ձեր ներքին համոզմունքը ձեւավորելու համար»,- դիմելով դատարանին՝ ասաց Ավետիսյանը։
Պաշտպան Նորիկ Նորիկյանն առարկեց մեղադրողի հայտարարության դեմ՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 9-ի գործողությունները որեւէ առնչություն չունեն սույն գործի հետ, ավելին, պատերազմից հետո 5 տարին պետք է բավարար լիներ՝ պարզելու համար՝ Գրիգորյանի այդ օրվա գործողություններում հանցակազմ եղե՞լ է թե՞ ոչ։
Նախագահող դատավորը մեղադրողից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է հիշյալ քրեական գործը։ Ի պատասխան՝ մեղադրողը հայտնեց, որ այն միացվել է հարավային թեւում իրականացված ենթադրյալ հանցագործությունների առթիվ քննվող շուրջ 300-400-հատորանի քրեական գործին, ինչի պատճառով էլ նախաքննությունը հապաղում է։
Նշենք, որ հոկտեմբերի 9-ի հիշյալ իրադարձությունները վերաբերում են Խուռհատ սարի մարտական օպերացիային։ Դրա շրջանակում, ըստ քրեական գործի, գումարտակի հրամանատարը փախուստի է դիմել, որից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ 4 սպաները, որոնց թվում էր Հայկազ Գրիգորյանը, չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։
Այսօր դատարան էին ներկայացել նաեւ այդ չկանոնակարգված նահանջի հետեւանքով զոհված զինծառայողների հայրերը։ Նրանք այս գործով որեւէ կարգավիճակ չունեն, եկել էին, իրենց խոսքով, դատարանից արդարություն խնդրելու։
«Հոկտեմբերի 10-ին էրեխեքին տարել են սար, հրամանատարները փախել են, նրանց թողել անտեր, 96 էրեխա թողել են շրջափակման մեջ, 4 հրամանատար դուրս է եկել մի քանի զինվորի հետ․․․ Իմ տղան դեկտեմբերի 27-ին է մահացել, հոկտեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը իրենք շրջափակման մեջ են եղել․․․ Ես ինքս եմ հոկտեմբերի 16-ին եսիմինչ ձեւով գտել էրեխուս գտել էրեխուս գտնվելու տեղը, բայց հեռախոսներն արդեն չէին աշխատում․․․ Իրենք ոչ մի բան չարեցին, ասում են՝ տեղյակ ենք պահել, հիմա մենք խնդրում ենք՝ ասեք՝ ո՞ւմ եք տեղյակ պահել, գրեք, որ էդ մարդուն բռնենք․․․ Ես, որպես ծնող, ճիշտ եմ համարում, որ ինքը հետ է քաշվել [նկատի ունի Հայկազ Գրիգորյանի հոկտեմբերի 3-ի նահանջը], խի՞ պիտի անպատրաստ էրեխեքին տանեին, բոլոր հրամանատարների ցուցմունքներում կա, որ իրենք անպատրաստ են եղել․․․ Սաղ էլ փախել են, բայց մյուսները տղամարդկություն ունեցան, եկան՝ մեր հետ մարմիններ հանելու, Հայկազ Գրիգորյան, դու քանի՞ մարմին ես հանել, հանել, Վազգենը Հադրութում էր մարմիններ հանում, Վարդերեսյանը՝ Ջրական, դու մի էրեխու տեղ չասեցիր» (նկատի ունի նույն գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, եւ մեկ այլ վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանին,-հեղ․),- իր ելույթում նշեց Դավիթ Հարությունյանը՝ զոհված զինծառայողներից Հայկ Հարությունյանի հայրը։
Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 17-ին։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։
Պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։
Հայկազ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքն ամբողջությամբ՝ այստեղ։
Գլխավոր լուսանկարում՝ Հայկազ Գրիգորյանը, մարտ, 2025 թ․