«Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը
21:46 - 11 փետրվարի, 2025

«Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը

«Գումարտակի հրամանատարի հրամանը՝ «տեղներիցդ չշարժվեք», հնարավոր չէր կատարել տեւական ժամանակ, ես ինչքան կարողացել եմ, մնացել եմ տեղում, եւ երբ զգացել եմ, որ այլեւս հնարավոր չէ, իմ անձնակազմը դուրս եմ հանել»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում օրերս կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը, որն այժմ մեղադրյալի աթոռին է։ 

Դատարանում քննության առարկա են 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի նահանջի դեպքերը։ Մինչ Գրիգորյանի ցուցմունքը դատարանում հարցաքննվել են գործով վկա ներգրավված անձինք։

«Ես չեմ փախել իմ մարտական դիրքից»․ Հայկազ Գրիգորյան

Մինչ ցուցմունք տալը Հայկազ Գրիգորյանը հայտարարել է, որ անկախ կայացվելիք դատավճռի էությունից եւ դրան իր համաձայն կամ անհամաձայն լինելուց՝ ցանկանում է ընդգծել, որ ողջ գիտակցական կյանքում եղել է զինվորական եւ ճակատագրի բերումով ծառայել է այնպիսի ժամանակահատվածներում ու վայրերում, որի ընթացքում մի քանի անգամ ներգրավվել է մարտական գործողությունների մեջ․ «Իմ ուժերի ներածին չափով մասնակցել եմ իմ հայրենիքի պաշտպանությանը, ինչքան որ կարողացել եմ։ Բնականաբար, ես չեմ կարող ասել, որ իմ գործողություններում սխալներ չեն եղել, թերություններ չեն եղել։ Պատերազմական իրավիճակն ու մարտական գործողությունների վայրն այնպիսին են, որ ժամանակ հնարավոր չէ անսխալ գործել կամ կամ որեւէ բաց թողում չունենալ։ Ծառայել եմ այնքան, որքան կարողացել եմ, բայց ծառայել եմ նվիրումով, անմնացորդ, իմ ընտանիքի, իմ երեխաների, իմ ծնողների, իմ պետության անվտանգության համար»,- ասել է Գրիգորյանը։

Նա հայտարարել է, որ չի փախել իր մարտական դիրքից ու չի հեռացել մարտական գործողությունների շրջանից, ավելին՝ նման մտադրություն էլ չի ունեցել, հակառակ դեպքում չէր ծառայի։

«Ես ինքս եմ գնահատել տվյալ իրադրությունը եւ, խորհրդակցելով ինձ հետ գտնվող սպաների ու անձնակազմի հետ, նաեւ գնահատելով ընդհանուր բարոյահոգեբանական իրավիճակը, դուրս եմ բերել իմ անձնակազմը այդ հատվածից»,- մարտական դիրքից հեռանալու հանգամանքն այսպես է մեկնաբանել Գրիգորյանը՝ պնդելով, որ եթե անձնակազմին դուրս չհաներ, բոլորը կզոհվեին։ Ըստ մեղադրյալի գնահատականի՝ դուրս գալը ոչ միայն ողջ մնալու համար էր, այլեւ այդտեղ մնալը որեւէ ռազմավարական խնդիր չէր լուծելու․ «Մենք մեր հնարավորություններով որեւէ հակազդեցություն չէինք կարողանալու տալ, հետեւաբար՝ զոհվելու էինք՝ չկարողանալով կատարել այն խնդիրը, որի համար տեղակայվել էինք այդ տարածում»։

Վաշտի նորակոչիկները կրակային պատրաստություն անցել էին ընդամենը մեկ անգամ

Հայկազ Գրիգորյանը դատարանում պատմել է, որ 2020 թվականի հուլիսին կորոնավիրուսով պայմանավորված 18-րդ հրաձգային դիվիզիյայի նորակոչիկներին ընդունել են Մարտունի 2 զորամասում, որտեղ վաշտի կազմով անցկացրել են շարային պատրաստություն, եւ ոչ մի մարտավարական պարապմունք, քանի որ 82 զինծառայողները վարակված են եղել կորոնավիրուսով ու գտնվել ստացիոնար բուժման մեջ։ Արդեն հաջորդ ամիս երդվել են ու տեղափոխվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակ։

Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ վաշտում կատարվել է անձնակազմի հաստիքավորում եւ զենքերի ամրակցում, 2 անգամ  անցկացվել է կրակային պատրաստության, տեսական պատրաստություն, կատարվել են մարտական բարձր պատրաստության բերելու աստիճանների պարապունքները, ջոկի դասակի, վաշտի, գումարտակի, ներդաշնակման պարապունքներ։ Մեղադրյալ հայտնել է, որ անձնակազմը, բացի ջոկի հրամանատարներից, մարտական դիրքերի տեղաբախշման վայրերը չի իմացել։

Գրիգորյանի խոսքով՝ մարտավարական պատրաստություն արել են, բայց զրոյական մակարդակով, իսկ  կրակային պատրաստությամբ զբաղվել ընդամենը մեկ անգամ․ «Ծանոթացել են ԱԿ 74-ի մարտավարատեխնիկական բնութագրին, կատարել են 3 փամփուշտ կրակոց՝ զենքի ձայնը լսելու համար։ Ինչ վերաբերում է ՊԿ, ՌՊԿ, ՌՊԳ տեսակի զենքերին, այդ զենքերից ընդհանրապես ոչ ոք տեղյակ չէր»,- դատարանում նշել է մեղադրյալը՝ ասելով, որ ոչ ոք չգիտեր նշան բռնելու կարգը, քանի որ այդ դասաժամը դեռ չէին արել։ 

Հայկազ Գրիգորյանին անհայտ պատճառներով վաշտը պատերազմի սկսվելուց չի ցրվել մարտական հերթապահություն իրականացվող այլ գումարտակների միջեւ

Հայկազ Գրիգորյանը 2020թ․ սեպտեմբերի 26-ին հանդիսացել է ուսումնական գումարտակի պատասխանատու։ Նրա խոսքով՝ պատերազմի սկսվելու առավոտյան 7։30-ի սահմաններում հակառակորդի կամիկաձե ԱԹՍ-ն հարվածել է ՀՀՍ (հրթիռահրետանային սպառազինության,-հեղ․) պահեստին, որից հետո հնչել է տագնապի ազդանշանը։ Հայկազ Գրիգորյանն է ուսումնական գումարտակին տագնապ տվել, հետո զբաղվել վաշտը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու հարցերով․ «Անձնակազմը տեղավորեցի նկուղում, որից հետո անձնակազմը ջոկ-ջոկ սկսեց զենք-զինամթերք ստանալու գործնթացը»,- պատմել է Հայկազ Գրիգորյանը։

Նա նշել է, որ դրանից հետո վաշտը զորամասի վերադաս հրամանատրության հրամանով մեկնել է նստեցման շրջան, որտեղ մարտական հաշվարկի համաձայն անձնակազմը պետք է ցրվեր մարտական հերթապահություն իրականացնող 4 գումարտակների միջեւ, բայց այդ ամենը, Գրիգորյանի պնդմամբ, չի կատարվել՝ իր համար անհայտ պատճառներով։

Դրանից հետո վաշտը մեքենաներով տեղափոխվել է մարտական դիրքեր, մասնավորապես Չռիկներ» կոչվող տեղանք, որը համարվել է 2-րդ բնագիծ։ Ընթացքում անձնակազմը մարդկային կորուստներ եւ վիրավորներ չի ունեցել։ Թեեւ վարորդները վաշտի ավտոմոբիլային տեխնիկան քողարկել էին Չռիկներ» կոչվող անտառում, այնուհանդերձ հակառակորդի ԱԹՍ-ները կարողացել են խոցել ողջ ավտոտեխնիկան։

2-րդ բնագծում խրամատներ չեն եղել, անձնակազմը բացազատվել է բլուրի վրա

Հայկազ Գրիգորյանի ցուցմունքի համաձայն՝ անձնակազմը բացազատվել է բլուրի վրա, քանի որ խրամատներ չեն եղել, փոխարենը եղել է առու։ Չեն եղել ինժեներական կառույցներ, ջոկի թաքստոցներ, խրամաբջիջներ, ականապատ դաշտեր ու խրամուղիներ։

«Ինձ առաջադրված մեղադրանքում նշվել է, թե իբր նահանջը չի կատարվել մարտական կանոնադրության համաձայն։ Շատ լավ, այդ դեպքում այդ նույն մարտական կանոնադրության համաձայն էլ պետք է կահավորված լիներ, չէ՞, մարտական դիրքը, եթե դա դիրք էր կոչվում»։

Սեպտեմբերի 27-ին վաշտի անձնակազմը, օդային, հրետանային հարվածների ներքո սեփական ուժերով եւ միջոցներով պառկած դիրքով կահավորել է խրամատները։ Մեղադրյալի պնդմամբ՝ այդ աշխատանքների ընթացքը շատ բարդ է եղել, քանի որ դժվար էր սովորական հետեւակի բահով բարձունքում հող փորելը։ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը մինչեւ հոկտեմբերի 2-ը կատարել է հակառակորդի տեղաշարժի դիտարկում եւ վերահսկում՝ միաժամանակ շարունակելով խրամատ փորելու աշխատանքները, բայց դրանք, ըստ մեղադրյալի, վտանգավոր էին, քանի որ վերեւից եւ դիմացից բաց էր։

Իր ցուցմունքում Հայկազ Գրիգորյանը նշել է նաեւ, որ անձնակազմը չի ունեցել գիշերային տեսանելիության սարքեր, ուստի մութն ընկնելուն պես 72 զինծառայող գտնվում էր անապահով վիճակում։ Ըստ Գրիգորյանի՝ հոկտեմբերի առաջին օրը ռադիոկայանի V82 տեսակի մարտկոցները նստել են, ինքը ստիպված է եղել սերժանտներից մարտկոցներ վերցնել, իր սեփական ռադիոկայանը մի կերպ միացրել է զինվորից վերցրած բջջային հեռախոսի մարտկոցից, ինչի մասին խոսել է վաշտի զինծառայող Արման Արմաղանյանը՝ որպես վկա հարցաքննության ժամանակ։

«Անտառում, մեր թիկունքում կային հակառակորդի հարյուրավոր զինծառայողներ, որոնք մարտի էին բռնվել նաեւ 14-րդ եւ 15-րդ վաշտերի հետ։ Առաջին մի քանի օրը թիկունքային ապահովումը բավարար էր, բայց հետո անձնակազմը հաց չուներ։ Մոբի անձնակազմը՝ մոտ 50-հոգանոց խումբ, եկան, ներկայացան, տեղաբաշխումը կատարեցի։ 2 օր հետո, պատճառաբանելով, թե մեզ բերել են մսաղացի բերան, թողին-հեռացան, 4 հոգի մոբ մնաց իմ կողքին»։

Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ հոկտեմբերի 1-ին վաշտի անձնակազմի  բարոյահոգեբանական վիճակը շատ լավ Է եղել, բայց երբ մոբի անձնակազմը լքել է մարտական դիրքը, տղաների վիճակը վատացել է․ «Բացի դա՝ սոված էին ու ծարավ»։

Ինչ հանգամանքներ են Հայկազ Գրիգորյանին դրդել թողնել մարտական դիրքը

Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը գտնվել է 1-ին եւ 2-րդ գումատակների միջտարածությունում։ Ըստ նրա՝ դա շատ վտանգավոր վայր է եղել, որը չպիտի պահեր եւ պաշտպաներ ուսումնական գումարտակը, այլ ուրիշ ստորաբաժանում, մասնավորապես՝ հետախուզական։

Մեղադրյալի պնդմամբ՝ արդեն հոկտեմբեր 3-ի դրությամբ իր 2-րդ գումարտակի թիկունքից իր թիկունք էին անցել հակառակորդի բազմաթիվ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումներ, որոնք մարտի էին բռնվել Նազարյանի դասակի հետ։ Հոկտեմբերի 4-ին, ըստ Գրիգորյանի, հակառակորդի հրետանակոծությունն ուժեղացել է իրենց ուղությամբ․ «Անձնակազմին մի կերպ  5-6 անգամ իջացրել եմ ձորակը, բարձրացրել եմ մարտական դիրք, որպեսզի կորուստներ չունենայի»,- իր ցուցմունքում ասել է մեղադրյալը՝ նշելով, որ գումարտակի հրամանատարին (այդ ժամանակ Գարիկ Վարդերեսյանն էր,-հեղ․) զեկուցել է իրավիճակի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի մասին, բայց միջոցներ չեն ձեռնարկվել․ «Այդ ժամանակ ռադիոկայանիս զարյադկեն հավերժ պրծավ»։

Նույն օրը երեկոյան, ըստ ցուցմունքի, 1-ին ՀԳՄ-ի ուղությամբ սկսվել են ավիացիոն հարվածներ, եւ, հաշվի առնելով նաեւ թիկունք ներթափանցած դիվերսիոն խմբերը, Հայկազ Գրիգորյանը որոշում է կայացրել անձնակազմին դուրս հանել ապահով վայր․ «Որպեսզի անմեղ մարդկանց օդային հրետանու պատճառով կորուստներ չունենամ, անձնակազմին դուրս եմ հանել ապահով վայր, ու նահանջ եմ կատարել 9-րդ կիլոմետր»։

Հայկազ Գրիգորյանը դատարանին պատմել է, որ այդ ժամանակ անձնակազմը խուճապի մեջ է եղել, այդ վիճակում չէր կարող հակառակորդի հետ մարտի բռնվել, իսկ իրենց մոտ չեն եղել հակառակորդի՝ իրենց դիմաց գտնվող տասնյակ զրհատեխնիկան խոցելու համար նախատեսված միջոցներ։

«Տարհանումն իրականացրել եմ միաշարասյուն՝ դասակի հրամանատար Գ․ Հարությունյանի, վաշտի ավագ Ղարիբ Ջավադյանի եւ մոբի ռազվետկի ստորաբաժանման Լեւոնի հետ միասին, տարհանման ժամանակ մինչեւ «9-րդ կիլոմետր» կոչվող տեղանք հասնելը ոչ մի սանիտարական կորուստ չեմ ունեցել»։

Զորքը նահանջել է մինչեւ «9-րդ կմ» կոչվող տեղանք

Երբ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը հասել է «9-րդ կմ» կոչվող տեղանք, այնտեղ իրենց դիմավորել է գնդի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ Մկրտչյանը, զրուցել է անձնակազմի հետ, եւ, տեսնելով նրանց բարոյահոգեբանական վիճակը, 2 դասակ Հայկազ Գրիգորյանի հետ միասին տարել է Արա լեռ կոչվող տարածք, մեկ դասակ էլ ուղեկցել Առաքյուլ կոչվող գյուղի դպրոցի նկուղ։ Անձնակազմն իրեն կարգի է բերել, սնվել, ինչից հետո գնդի հրամանատարի հրամանով անձնակազմը մեկնել է Հադրութի զորամաս։ Այնտեղ մնացել են 2-օր, հետո զորամասը հրետանակոծվել է։ Զորքը տեղափոխվել է Հադրութի դպրոց, որտեղ էլ մնացել է մինչեւ հոկտեմբերի 8-ը։ 

Հադրութի դպրոցում ՊԲ հրամանատարի հրամանով գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանն ազատվել է պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել Իշխան Վահանյանը, իսկ Հայկազ Գրիգորյանը նշանակվել է գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։ Վաշտի հրամանատար, ըստ Գրիգորյանի, նշանակվել է Գ․ Հարությունյանը։

«Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ Խոռհատ սարից շրջափակումից դուրս եմ բերել անձնակազմը Վազգեն Վարդանյանի հետ, այդ գործողությունների ժամանակ նույնիսկ հրամանատարներից ոչ ոքի հետ կապ չկար, անձնակազմը գնդի հրամանատարի հրամանով տեղափոխել եմ Սարուշեն կոչվող վայր, որտեղ անձնակազմը հանգստանում էր»,- ասել է Հայկազ Գրիգորյանը՝ նշելով, որ այնտեղ գումարտակի հրամանատար է նշանակվել մայոր Տ․ Թովմասյանը։ Հոկտեմբերի 14-ից մինչեւ պատերազմի ավարտը, Հայկազ Գրիգորյանի խոսքով, ինքը գնդի հրամանատարի հրամանով մասնակցել է մարտական գործողություններին տարբեր ուղություններով՝ Կարմիր Շուկա, Ֆիզուլի, Դրախտիկ, Շեյխեր, Մարտունի 2 եւ այլ ուղղություններում, պահեստազորայինների հետ միասին։

Պատերազմից հետո Հայկազ Գրիգորյանը նշանակվել է գումարտակի հրամանատարի տեղակալ Տավուշում

Արդեն պատերազմից հետո՝ 2021 թվականին, գումարտակը վերաբաշխվել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների միջեւ, Հայկազ Գրիգորյանը մնացել է կադրերի տրամադրության տակ։ Ըստ Գրիգորյանի՝ իրեն առաջարկել են գումարտակի հրամանատարի պաշտոն, սակայն հրաժարվել է՝ խնդրելով նշանակել հետագա ծառայության այլ զորամասում։ Եկել է Հայաստան եւ նշանակվել N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ․ «Լավ ծառայության համար Գլխավոր շտաբի պետի հրամանով տեղափոխվել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնի ՕԿԲ սպա պաշտոնին»։

Ավարտելով ցուցմունքը Հայկազ Գրիգորյանը հայտարարել է․ «Պատերազմի առաջին օրից մինչեւ ավարտը մեկ րոպե անգամ չեմ մտածել փախնելու մասին, իմ պարտականությունները չկատարելու մասին կամ անբարեխիղճ կատարելու մասին, նույնիսկ նման տրամադրություն չի եղել մեզ մոտ։ Ստեղծված իրադրությունն է ինձ ստիպել նման քայլի գնալ։ Իմ գործողության հետեւանքով ես փրկել եմ իմ անձնակազմի կյանքը։ Զորամասի հրամանատարն այստեղ ցուցմուքն տալիս նշեց, որ եթե ես մի քանի ժամ սպասեի, միասին էինք նահանջելու։ Սա նշանակում է, որ այդ հատվածում ընդհանուր տրամադրվածությունն այդպիսին է եղել»։

Հայկազ Գրիգորյանը իր մասին տվյալներ է ներկայացրել դատարանում

Հայկազ Արթուրի Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին Երեւանում։ Ավարտել է Երեւանի թիվ 106 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Նորայր Աճեմյանի անվան առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջը՝ ստանալով աուդիտ եւ հաշվապահություն մասնագիտությունը։ 2009 թվականին զորակոչվել է Զինված ուժեր՝ որպես պարտադիր ժամկետային զինծառայող։

2009թ «Արմավիր» ուսումնական կենտրոնում անցել է 6-ամսյա ուսումնական դասնըթացները եւ կրտսեր սերժանտ զինվորական կոչումով մեկնել Սիսիանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս՝ որպես ջոկի հրամանատար, ծանր զենքի դասակի հրամանատարի տեղակալ։ Դատարանում Գրիգորյանը հայտնել է, որ Սիսիսանի ողջ սահմանագծում անընդմեջ կատարել է մարտական հերթապահություն․ «Սպայի մասնագիտությունը եւ հայրենիքի պաշտպան լինելը իմ երազանքն էր, եւ ես, 2011թ․ տալով համապատասխան քննությունները, ընդունվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ որպես կուրսանտ։ Այնտեղ սովորելով 4 տարի, ստանալով լետենանտ զինվորական կոչում եւ մոտոհրաձգային ստորաբարանումների ղեկավարում եւ կառավարում բակալավրի աստիճան լավ գնահատականներով, բազմիցս խրարուսանքներ եմ ստացել։ 2015 թվականին իմ կամքով մեկնել եմ Արցախի Հանրապետություն,  Ջրականում տեղակայված զորամաս՝ որպես դասակի հրամանատար, 4 ՀԳՄ 10 ՀՎ 2 ՀԴ։ Այնտեղ բազմիցս արժանացել եմ պարգեւների՝ լավագույն հենակետի պատասխանատու»։

Հայկազ Գրիգորյանը մասնակցել է 2016 թվականին 4-օրյա մարտական գործողություններին։ Նա դատարնում պատմել է, որ իրենց հենակետի ուժերով եւ միջոցներով խոցել են հակառակորդի ուղղաթիռը, որում եղել է հակառակորդի գեներալի որդին․ «2 ամիս եւ ավելի պահել եւ պաշտպանել ենք մարտական դիրքը հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումից, քանի որ կարեւոր դի կար մեզ մոտ ուղղաթիռում։ Այդ ամենից հետո եղել եմ գնդի լավագույն զինծառայողը եւ հենակետի ավագը, վաղաժամկետ ստացել եմ ավագ լետենանտ զինվորական կոչում»։

Այնուհետեւ 2019 թվականին Հայկազ Գրիգորյանը նշանակվել է ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար․ «2019 թվականին, վաշտիս հետ միասին հանձնելով Գլխավոր ռազմական տեսչության քննությունները լավ գնահատականներով, արժանացել եմ լավագույն վաշտի հրամանատար դիվիզիայի մասշտաբով, որի համար ունեմ պատվոգրեր։ Նույնիսկ գնդի պատվո տախտակին փակցված էր իմ լուսանկարը։ Բազմիցս խրախուսվել եմ պատվոգրերով եւ դրամական խրախուսանքներով, թանկարժեք նվերներով։ Ուսումնական գումարտակում լինելով լավագույն վաշտի հրամանատար՝ բազմիցս եղել եմ գումարտակի պատասխանատու, վերադասի կողմից նշանակված նույնիսկ բազմիցս եղել եմ Ջրականի զորամասի հերթապահ։ Դիվիզիայի մասշտաբով մասնակցել եմ ջոկի հրամանատարների պատրաստման գործնթացին»։

Ջրականի զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի ու նրա տեղակալի հարցաքննությունը կարող եք կարդալ այստեղ՝ Զորամասի հրամանատարի խոսքով՝ Հայկազ Գրիգորյանին նահանջի հրաման չի տրվել։

Հայկազ Գրիգորյանի վաշտի զինծառայող Արման Արմաղանյանի հարցաքննությունն՝ այստեղ՝ Եթե չնահանջեինք, այդտեղ էլ կզոհվեինք։

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հարցաքննությունն՝ այստեղ՝ 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։

Հիշեցնենք, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել էր 2024թ․ հունիսին, նրա խափանման միջոցը տնային կալանքով եւ գրավով է փոխարինվել 2024-ի նոյեմբերին։ 

Ի հավելումն նշենք, որ «Ինֆոքոմը» հնարավորություն չի ունեցել ներկա գտնվել այն նիստին, որի ժամանակ ցուցմունք է տվել մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը։ Հաշվի առնելով, որ «Ինֆոքոմը» լուսաբանել է գործով որպես վկա ներգրավված անձանց ցուցմունքները եւ բազմակողմանի ու համաչափ լուսաբանման կարեւորությունը, դիմել էինք Հակակոռուպցիոն դատարանին՝ խնդրելով տրամադրել նշված օրվա նիստի ձայնագրությունը։ Դատարանը, սակայն, չի տրամադրել այն՝ նշելով, որ նյութերը դատավարության մասնակիցներին կարող են տրամադրվել դատաքննության ավարտից եւ դրանց արխիվացումից հետո։

«Ինֆոքոմը» Հայկազ Գրիգորյանի համաձայնությամբ նրա պաշտպան Նորայր Նորիկյանից ստացել է մեղադրյալի ցուցմունքը։ Դատարանում ցուցմունք տալուց հետո Հայկազ Գրիգորյանը համաձայնել է պատասխանել նաեւ կողմերի հարցերին, սակայն դրանք այս հրապարակման մեջ չենք կարող ներկայացնել նիստի ձայնագրությունը չունենալու պատճառով։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել