civilnet.am: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ազատ է արձակվել, բայց կմնա դատական հսկողության տակ։ Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, որը ներկայացվել էր 70-ամյա Սարկոզիի փաստաբանների բողոքարկման նիստի ընթացքում: Նախկին նախագահը բանտում էր գրեթե երեք շաբաթ։
Ազատ արձակվելուց հետո Սարկոզին, որը դատապարտվել է նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման համար, պարտավոր է կրել էլեկտրոնային թևնոց: Բացի այդ՝ նրան արգելվում է շփվել իր գործով մեղադրյալների և վկաների հետ:
Վերաքննիչ նիստի ժամանակ տեսակապով ելույթ ունենալիս Նիկոլա Սարկոզին իր կալանքն անվանել է «ծայրահեղ ծանր» և «հյուծող»։ Նրա փաստաբանները պնդում էին նրա վաղաժամկետ ազատման պահանջը։
Նիկոլա Սարկոզին, որը սեպտեմբերի վերջին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, պատիժը կրում էր հոկտեմբերի 21-ից՝ Փարիզի Սանտե բանտում՝ 9 քառակուսի մետր մակերեսով մեկտեղյա խցում։
Սարկոզին դարձել է հետպատերազմյան Ֆրանսիայի առաջին ղեկավարը և ԵՄ անդամ պետության առաջին նախկին նախագահը, որը հայտնվել է բանտում։ Իր տարիքի պատճառով նա հնարավորություն ուներ դիմելու պատժի մեղմացման համար։