Եղբոր կնոջ անունով գրանցված անշարժ գույքի 1/2 բաժնեմասն իրեն փոխանցելու նպատակով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մի անձի․ Դատախազություն

Քաղաքացին իր եղբորից պահանջել է եղբոր կնոջ անվամբ Երևանի Պռոշյան փողոցում գտնվող հողամասի և շինության 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցել, սակայն մերժում ստանալով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մի անձի՝ խոստանալով անշարժ գույքը ստանալուց հետո, դրա 1/2 բաժնեմասը տրամադրել նրան․ Դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է դատարան։

«Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին՝ Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ անվամբ հաշվառված՝ 139 միլիոն 629 հազար դրամ արժեքով, Երևան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող հողամասի և շինության 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու վերաբերյալ:

Լ.Թ.-ն մերժել է եղբոր՝ Մ.Թ.-ի պահանջը, որից հետո Մ.Թ.-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով գույքի բաժնեմաս ձեռք բերելու համար: Պայմանավորվածությունը կատարելու դիմաց՝ Մ.Թ.-ն համաձայնվել է Լ.Թ.-ից անշարժ գույքը ստանալուց հետո, դրա 1/2 բաժնեմասը տրամադրել Ա.Ի.-ին:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ն, իր մտերիմներից Ա.Թ.-ի միջոցով, 2025 թվականի հունվարի 15-ին Երևան քաղաքի Ավանեսովի փողոցում գտնվող տարածքում հանդիպում է կազմակերպել Լ.Թ.-ի հետ և անօրինական պահանջ ներկայացրել՝ անշարժ գույքի 1/2 բաժնեմասը Մ.Թ.-ին հատկացնելու վերաբերյալ: Լ.Թ.-ն առարկել է. պայմանավորվել են հարցի քննարկումը շարունակել 2025 թվականի հունվարի 17-ին:

2025 թվականի հունվարի 17-ին Լ.Թ.-ն իր փաստաբանի և աներորդու հետ գնացել է հանդիպման վայր: Լ.Թ.-ին հրավիրել են հարևանությամբ գտնվող սենյակ, որտեղ,  Լ.Թ.-ից կրկին ստանալով բացասական պատասխան, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ն, ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, հարվածներ է հասցրել Լ.Թ.-ի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով գլխի, դեմքի, ձախ դաստակի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ, բազմաթիվ արյունազեղումների ձևով մարմնական վնասվածներ:

2025 թվականի հունվարի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ի.-ի նկատմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալ Ա.Ի.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. մեղադրյալ Ա.Ի.-ին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Մ.Թ.-ի նկատմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին դիմելու և Ա.Ի.-ի անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար: Մեղադրյալ Մ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Ա.Թ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելուն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և 4 միլիոն 5 հարյուր հազար դրամ գրավ:

2025 թվականի նոյեմբերի 3-ին Ա.Թ.-ի և Մ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն