armenpress.am Հայաստանի պետական պարտքի աճին զուգահեռ ավելացել են նաև բյուջեի եկամուտները:
Այս մասին Ազգային ժողովի նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Մեր եկամուտներն այնքան են աճել, որ մենք այդ ամբողջ պարտքն ընդամենը 1.5 տարում կարող էինք սպասարկել, եթե որոշեինք մեր ծախսերը չավելացնել, թողնել նույն մակարդակի վրա։ Բայց ծախսերն ավելացել են բոլոր ուղղություններով, որի շնորհիվ նաև գեներացվել են մեր հավելյալ եկամուտները: Մենք մեր քաղաքացիներից վերցնում ենք հարկերը և այդ հարկերը ներդնում ենք հնարավորությունների ստեղծման մեջ, որ իրենք ավելի մեծ հնարավորություն ունենան այդ պարտքը սպասարկելու»,-ասաց Հովհաննիսյանը:
Վահե Հովհաննիսյանը նշեց՝ պարտքի մի մասը մարվում է քաղաքացիների վճարած հարկերից, մյուս մասն էլ մարվում է նոր վարկեր վերցնելու միջոցով, որոնք ստեղծում են նոր հնարավորություններ:
Հայաստանի պետական պարտքը 2025թ առաջին կիսամյակում աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով, դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար:
Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ: