Գնալու եմ Մայր Աթոռ, երբ բավարար չափով մաքրված կզգամ ինձ. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am  Ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ: Մենք պատարագ ենք գնում, ես պատարագ եմ գնում, ես չեմ գնում հանրահավաք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե պատարագները մարդաշատ չեն, և որ նա մենակ է մնացել այս հարցում:

Դիտարկմանը, թե պատարագների ժամանակ չեն ծափահարում, Փաշինյանը պատասխանեց. «Ո՞վ է որոշում՝ պատարագի ժամանակ ծափահարո՞ւմ են, թե՞ չէ: Պատարագին ծափահարում է, թե չէ, որոշում է պատարագի մասնակիցը:

Ես գնում եմ պատարագ և ուրախ եմ, որ գնում եմ պատարագ, որովհետև, ինչպես ասել եմ՝ ուրախ եմ, որովհետև դա կարևոր է ինձ համար իմ, այդ թվում՝ մեր քաղաքական թիմի այն հատվածի համար, որոնք հավատում են Աստծուն, որովհետև ես ընդունում եմ, որ մարդիկ ՀՀ-ում ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել: Բայց դա ինձ համար իմ հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհն է, և ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք գալիս են»:

Փաշինյանը կարծիք հայտնեց, թե պատարագների շարքը կարևոր է, և որ այդ օրակարգը ձևակերպել է ու հետևողականորեն գնալու է այդ օրակարգով: Օրակարգը նաև կենդանի պրոցես է, քանի որ սրանով խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, յուրաքանչյուրը խոսակցություն է ունենում ինքն իր հետ, խոսակցություն՝ Աստծո հետ:

«Եթե հարցնեիք՝ ինչո՞ւ ես որոշեցի գնալ պատարագներ (ընդ որում՝ առաջիկայում էլի եմ գնալու), որովհետև ես եթերներից մեկում պարզաբանեցի, որ կարծում եմ՝ խոսքը մեր սրբություն սրբոցի՝ Մայր Աթոռի հոգևոր և բարոյական նորոգման մասին է, և այդ հոգևոր ու բարոյական նորոգմանը հասնելու ու մեր սրբություն սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք: Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է»,- ասաց նա:

Խոսվում է արժեքահենք հանրության ունենալու մասին, բայց, ըստ Փաշինյանի, հնարավոր չէ արժեքահենք հանրություն ունենալ, եթե սրբություն սրբոցը՝ բարոյական և արժեքային համակարգի էպիկենտրոնը, աղտոտված է. «Այդ քննարկումների ընթացքում հասկանում ենք, որ դա տեղի է ունեցել մեր միջավայրում, այսինքն՝ դա տեղի է ունեցել, որովհետև մենք ենք թույլ տվել, որովհետև մենք այդ ամենի ականատեսն ենք, և ականատեսը լինելու բերումով՝ մասնակիցը: Մենք ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբություն սրբոցին, բայց մենք էլ պետք է նախ արժանանանք: Եվ դա է պատճառը, թե ինչու ենք գնում պատարագ, ինչու եմ հաղորդություն ընդունում և շարունակելու եմ հաղորդություն ընդունել»:

Հարցին՝ վարչապետը գնալո՞ւ է Մայր Աթոռ, եթե՝ այո՛, ապա՝ ե՞րբ, Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե գնալու եմ Մայր Աթոռ: …Երբ, որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ, այն ժամանակ»:

Լուսանկարում՝ Մայր տաճարի վերաօծման արարողությունը/29․09․2024

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն