«Թրամփի ուղու» շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին. վարչապետ | armenpress.am

armenpress.am: «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ նման նախագծերը հաճախ ունենում են ժամկետային շեղումներ։

Փաշինյանի խոսքով՝ երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով, որովհետև ուրիշ հատվածում երկաթուղի կառուցելը իրատեսական չէ։

«Գազամուղը և էլեկտրական գծերը կանցնեն դրանից հյուսիս գտնվող հատվածով»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս գործընթացը հիմնված է Վաշինգտոնի հռչակագրով ամրագրված սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։

TRIPP-ի միջոցով նախատեսվում է նաև ապահովել կապն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն