Հայաստանը երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց, բայց կարող է դիտարկել նաև այլ առաջարկներ. Փաշինյան | armenpress.am

armenpress.am: Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց նաև շուկայում այլ կողմերից առաջարկների դեպքում չի հրաժարվի դրանք դիտարկելուց:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՌԴ ԱՀԾ հաղորդագրության և ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունների վերաբերյալ հարցերին:

«Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ: Բայց Հայաստանը նաև երբեք չի հրաժարվի տեսնելուց, թե շուկայում էլ ինչ կա, էլ ով է ցորեն վաճառում, կա՞ առաջարկ: Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա, մեզ ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից: Չի լինելու այդպիսի բան»,- ասաց Փաշինյանը:

Նա չթաքցրեց՝ այսօր Հայաստանին այլ առաջարկներ կան. երբ ուրիշ վաճառողներ տեսել են, որ Հայաստանը Ղազախստանից ցորեն է ձեռք բերել, հարցրել են, թե իրենց առաջարկը կհետաքրքրի՞:

«Մենք էլ գինն ենք հարցնում: Եթե գինը հետաքրքիր լինի, ուրեմն հետաքրքիր կլինի, հետաքրքրիր չի լինի, կասենք՝ հետաքրքիր չէ: Ինչո՞ւմ է խնդիրը: Ցորեն առնելն ամուսնությո՞ւն է: Այդ ռեժիմը ես չեմ հասկանում: Մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ այդպիսի հարաբերության մեջ չենք մտել»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրությանը՝ նա ասաց, որ ծառայությունը 2022-ի գարնան էլ բացառում էր, որ սահմանին էսկալացիա լինի, քանի որ ՀԱՊԿ-ն այնտեղ է: 2020թ սեպտեմբերի 20-ին ասում էր՝ բացառված է, էսկալացիա չի լինելու: Վարչապետն առաջարկեց չմտնել այդ դաշտ:

Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայությունը պնդել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և «օգնություն ցուցաբերել» Կիևին՝ գնելով ուկրաինական հացահատիկ՝ ավելի բարձր գներով։ Ըստ նույն աղբյուրի՝ Երևանը, իբր, մտադիր է գերավճարի տարբերությունը փոխհատուցել Եվրոպական միության միջոցներով։ Փաշինյանը նոյեմբերի 11-ին արդեն իսկ լրագրողների հետ զրույցում հերքել է այդ տեղեկատվությունը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն