Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործի քննությունը սկսվել է նորից

44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը սկսվել է նորից։ Երեւանի քրեական դատարանում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումներն էին։

Գնդապետ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ (2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Մեղադրանքը, վերաբերում է, մասնավորապես, Թալիշ եւ Մատաղիս գյուղերի կորստին։

Այս գործը դատարանում է 2023 թ․ հունվար ամսից։ Այն սկզբնապես ուղարկվել է Սյունիքի մարզ, ապա՝ տեղափոխվել Երեւան եւ մակագրվել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Գրեթե 3 տարի տեւած քննությունից հետո դատավոր Գաբրիելյանի լիազորությունները կասեցվեցին․ նրան մեղադրանք առաջադրվեց, եւ նրա վարույթում եղած գործերը վերամակագրվեցին այլ դատավորների։

Այս տարիների ընթացքում Աբրահամյանը տեւական ժամանակ եղել է կալանքի տակ, այժմ նրա նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն խափանման միջոցը։ 

Հանրային մեղադրողը միջնորդեց գործի քննությունն իրականացնել դռնփակ

Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը միջնորդեց գործի քննությունն իրականացնել դռնփակ ռեժիմով՝ պատճառաբանելով, որ քրեական վարույթի ընթացքում արծարծվելու են պետական գաղտնիք համարվող, այդ թվում՝ հույժ գաղտնի տեղեկություններ։

Մեղադրյալի պաշտպան Արման Թամրազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ եթե անգամ քրեական գործի նյութերում պետական գաղտնիք համարվող տեղեկություններ կան, այս փուլում դրանք չեն քննարկվում։ Բացի այդ, պաշտպանը շեշտեց՝ մինչ այս դատական տեղեկատվական համակարգում զետեղվել են դատավարական մի շարք փաստաթղթեր՝ իրենց միջնորդությունները, բողոքները, դրանց վերաբերյալ դատարանի որոշումները, որոնցում եւս հղում են եղել գործի այդ նյութերին, այսինքն՝ դրանք հրապարակվել են եւ ներկայում էլ հանրությանը հասանելի են։

Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը

Մեղադրող Վարդանյանն արձագանքեց՝ թեեւ ինքը նախորդ դատարանում առաջին իսկ նիստից միջնորդել էր դռնփակ քննություն իրականացնել, բայց դատարանը գործի քննության որոշակի փուլում միայն այդ որոշմանը հանգեց․ «Ես գտնում  եմ, որ նույնիսկ պաշտպանի կողմից հիշատակված միջնորդությունները եւ դրանց վերաբերյալ որոշումները, որ զետեղվել են «Դատալեքս»-ում, պետական գաղտնիքի տեսանկյունից նույնպես որոշակի կարեւորություն ներկայացնում են, ուստի միջնորդում եմ, որ ամբողջությամբ իրականացվի դռնփակ քննություն»։

Հայտարարություն արեց նաեւ մեղադրյալ սպան․ «Առաջին օրվանից անձամբ ես միջնորդում էի, որ գործի քննությունը դռնբաց լինի, որ բոլորի համար էլ իրականությունը պարզ լինի, Աստված էլ է վերեւից տեսել, գիտի՝ իրականությունը ոնց է եղել։ Ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, բայց բռնել, մեղադրական եզրակացությունը դրել են ինտերնետում, քարտեզը նկարել, դրել են ինտերնետում, նախադասություններ են ձեւակերպել, ինձ մեղադրանք առաջադրել, ու հիմա չի՞ թույլատրվում՝ իրականության մեջ դա երեւա՝ տենց ա թե տենց չի։ Ես 4 տարի ապրել եմ, չգիտեմ՝ 1 տարի ապրելո՞ւ եմ, կարողանալո՞ւ եմ դատական պրոցեսը ավարտին հասցնել թե չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ քրեական գործում եղած բոլոր փաստաթղթերից միայն Մարտական կանոնադրությունն է, որ ՀՀ զինված ուժերում առ այսօր գործում է, մյուսները կամ այլեւս չեն գործում, կամ վերաբերում են հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներին։

Լսելով կողմերին՝ դատավոր Հարություն Մանուկյանը որոշեց այս փուլում դատական քննությունն իրականացնել դռնբաց, բայց այդ հարցին վերադառնալ հիմնական դատալսումների փուլում, երբ կսկսվեն հետազոտվել գաղտնիք պարունակող փաստաթղթերը։

Դատարանը կուսումնասիրի նախորդիվ հարցաքննված վկաների ցուցմունքները 

Ձախից՝ պաշտպանը, մեղադրյալը

Պաշտպան Արման Թամրազյանը մեկ այլ հարց բարձրացրեց։ Նրա խոսքով՝  նախորդ դատարանում հարցաքննել են շուրջ 11 վկաների (դատակոչի ցանկում 51 վկա է), այդ թվում՝ Կարեն Շաքարյանին (44-օրյա պատերազմի ժամանակ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, Արցախի հերոս), Օնիկ Գասպարյանին (ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ), Ջալալ Հարությունյանին (ԱՀ ՊԲ նախկին հրամանատար) ,որոնց հարցաքննությունների մեծ մասը տեւել է 2, 3, 4 նիստ․ «11 վկա նորից բներելու ենք հարցաքննե՞նք, թե՞․․․»,- դիմելով դատարանին՝ հարցրեց նա։

Դատավոր Հարություն Մանուկյանը առաջարկեց՝ քանի որ ինքն անձամբ չի լսել այդ անձանց ցուցմունքները, կուսումնասիրի նրանց հարցաքննությունների ձայնագրությունները, եւ եթե իր մոտ առաջանան այնպիսի հարցեր, որոնք նախկինում կողմերը չեն հնչեցրել, այդ դեպքում կքննարկեն նրանց կրկին դատակոչելու հարցը։ Դատարանը պարզաբանեց, որ իր այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ բոլորն էլ գերծանրաբեռնված են աշխատում, եւ իր վարույթում, օրինակ, շուրջ 200 քրեական գործ կա։ Կողմերը այս դիրքորոշման առնչությամբ առարկություն չունեին։

Նշենք, որ այս հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում վերամակագրված բոլոր գործերի շրջանակում, քանի որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դատավորի փոխարինումից հետո վարույթը սկսվում է նորից, որպեսզի նոր դատավորը անմիջականորեն հետազոտի բոլոր ապացույցները։ Դատական պրակտիկայում, սակայն, պատահում են դեպքեր, երբ դատարանները, առաջնորդվելով արդարադատության շահով, գործի քննությունը մինչեւ անգամ շարունակում են ընդհատված տեղից։ Պատահում են նաեւ դեպքեր, երբ առաջնորդվելով նորմի տառացի մեկնաբանմամբ՝ դատարանները ողջ քննությունն են իրականացնում նորից՝ զրոյացնելով նախկին հարցաքննություններն ու կայացված որոշումները։

Սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը

Այսօրվա նիստում դատարանը նաեւ սահմանեց հետազոտման ենթակա ապացույցների ծավալն ու հետազոտման հաջորդականությունը։

Մեղադրող Վազգեն Վարդանյանը միջնորդեց հետազոտել մեղադրական եզրակացության մեջ հիշատակված բոլոր վկաների ցուցմունքները, այդ թվում՝  առերես հարցաքննությունների ժամանակ տրված ցուցմունքները, ինչպես նաեւ արտավարութային փաստաթուղթ ճանաչված գաղտնի փաստաթղթեր ուսումնասիրելու արձանագրությունները։ 

Պաշտպան Արման Թամրազյանը, արձագանքելով մեղադրողի դիրքորոշմանը, պնդեց, որ վկաներից 4-ի ցուցմունքները վերաբերելի չեն, ուստի կարելի է դրանք չհետազոտել։ Դրանց թվում էր, օրինակ, ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայիս պետի Էդվարդ Ասրյանի ցուցմունքը, որը, ըստ պաշտպանի, մեղադրանքի վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չի հայտնել․ 

«Սեւակ Աբրահամյանի մեղադրանքի էությունը այն է, որ նա բավարար տեղեկություններ է ունեցել, որ հակառակորդը պիտի հարձակվի, բայց զորքը լրիվ մարտական պատրաստության վիճակի չի բերել, ինչը ծանր հետեւանք է առաջացրել։ Մենք պետք է հասկանանք՝ որեւէ մեկը փաստական տվյալ հայտնո՞ւմ է, որ Աբրահամյանը իմացել է, դրա պայմաններում մարտական պատրաստության վիճակի չի բերել։ Էդվարդ Ասրյանը ոչ թե պատերազմի ժամանակ, այլ ներկայիս ԳՇ պետն է, քննիչը նրան ասել է՝ էսինչ վկաները էսինչ տեղեկություններն են հայտնել, ի՞նչ պիտի անեին, այսինքն՝ ըստ էության, քողարկված փորձաքննություն է իրականացրել, բայց քանի որ անձը որեւէ փաստական տվյալ չի հայտնել իրականում կուտակում կար թե չկար, նաեւ հետեւանքի մասին տեղեկություններ չի հայտնել, թե Թալիշ ու Մատաղիս գյուղերի կորուստը ինչով է պայմանավորված, այս ցուցմունքը վերաբերելի չէ»։

Դատավոր Հարություն Մանուկյանը

Միաժամանակ պաշտպանը միջնորդեց Պաշտպանության նախարարությունից եւ Զինվորական քննչական գլխավոր վարչությունից ստանալ եւ ապացույց ճանաչել մի շարք գաղտնի որոշումներ, դիրեկտիվներ, փաստաթղթեր, որոնք, ըստ իրենց, կարեւոր նշանակություն ունեն գործի շրջանակում։ Բացի այդ, միջնորդեց ապացույց ճանաչել եւ ուսումնասիրել մարտական քարտեզը, որը առկա էր քննիչի մոտ եւ պարունակում էր կարեւոր տեղեկություններ հակառակորդի եւ մեր ուժերի հարաբերակցության վերաբերյալ, ուսումնասիրել նաեւ առաջնագծում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները, որոնցով արձանագրված են հակակորդի գրոհները, տեղադիրքը, դատակոչել եւ հարցաքննել ԱՀ ՊԲ գաղտնի գործավարության պետին, որի ցուցմունքով պետք է պարզվեն մի շարք կարեւոր տեղեկություններ ՊԲ-ից եւ ՀՀ ԳՇ-ից ուղարկված կարգադրությունների մասին, ինչպես նաեւ այլ ցուցմունքներ, որով հավաստվում է, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին ԼՂՀ ԱԱԾ տնօրենը ցեկուցել է հակառակորդի լայնածավալ հարձակման վտանգի մասին։

Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց կողմերի միջնորդությունները՝ որոշելով հետազոտման ենթակա ապացույցների շարքում ներառել հիշատակված բոլոր ապացույցները՝ վերապահում ունենալով միայն ՊՆ-ից ստացվելիք փաստաթղթերի առնչությամբ։ Նշեց՝ նախնական հարցում կկատարի դրանց ծավալը, տրամադրման հնարավորությունը հասկանալու համար, եւ միջնորդության այդ մասին հետագայում կրկին անդրադառնալ։

Այսպիսով, նախ կհետազոտվեն գործում առկա գրավոր փաստաթղթերը, որից հետո կհարցաքննվեն վկաներն ու վերջում՝ մեղադրյալը։

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 25-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն