Վաղ առավոտից քննչական գործողություններ են իրականացվում «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում:
Այդ մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ ի պատասխան հաղորդավարների բնակարաններում խուզարկությունների վերաբերյալ հարցի։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնել են ՔԿ-ից:
Իրավապահները նախ ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվել է։
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ ԱԱԾ դիմակավորված անձինք քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականցում Վազգեն Սաղաթելյանի տանը: Ըստ փաստաբանի՝ իրեն եւս չեն թույլատրել ներկա գտնվել քննչական գործողություններին։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը իր հերթին հայտնել է, որ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել և տեղափոխել են Քննչական կոմիտե, և որ նույնը հավանաբար տեղի է ունեցել պոդքասթի մյուս վարող Վազգեն Սաղաթելյանի հետ. «Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- գրել է Մելիքյանը։
Նարեկ Սամսոնյանը ձերբակալման պահին ասաց, որ հոդվածը «խուլիգանության 2-րդ մասն է»։
ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը սահմանում է խուլիգանություն արարքը, որի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է՝ «[խուլիգանությունը, որը կատարվել է] տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»։
Սա նույն այն հոդվածն է, որի հիմքով Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել էին նաեւ մեկ տարի առաջ։
Նշենք, որ վաղ առավոտյան Վազգեն Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դիմակավորված անձինք մտնում են իրենց տուն։ Մելիքյանն էլ իր պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի բնակարանի մոտից հաղորդել էր, որ խոչընդոտում են իր փաստաբանական գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել քննչական գործողություններին՝ դուռը չբացելով իր առաջ։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը նախորդ տարի ևս ձերբակալվել էին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը) քննվող քրեական վարույթի շրջանակներում։
ՔԿ-ից հայտնել էին, որ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:
Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել վարչական վերահսկողությունը։ Արգելվել էր երեք ամիս վարել «Իմնեմնիմի» փոդքասթն ու այլ հաղորդումներ։