Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը | news.am

news.am Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որպեսզի իրավական գնահատական տան «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդման ժամանակ հնչած վիրավորական արտահայտություններին և սպառնալիքներին:

Այս մասին news.am-ին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ «Անտիֆեյք»-ի գրասենյակում ևս երականացվում է խուզարկություն, և վերցվում է ողջ տեխնիկան։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական գործողություններ են իրակացվել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում: Վերջիններս ձերբակալվել են:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի թողարկումներից մեկին, որի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, «շան լակոտ» և «լածիրակ» էր անվանել Սաղաթելյանին ու Սամսոնյանին՝ հարց ուղղելով Սարգսյանին, թե նա գիտակցո՞ւմ է, որ հարցազրույց տալով նրանց՝ այլևս կիսում է «այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները»:

Այս գրառմանը մեկ այլ հաղորդման ընթացքում անդրադարձել էին Սաղաթելյանն ու Սամսոնյանը, մասնավորապես՝ Սաղաթելյանը հայհոյանք էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին, ինչպես նաև նրան անվանել էր «սուտասան»՝ հերքելով Միքայել Մինասյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորում ստանալու մասին ԱԺ նախագահի պնդումը: Այս թողարկումից հետո Սիմոնյանը գրել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը «իր և իր ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ» են հնչեցրել՝ նշելով, որ «այդ բոլոր բառերի համար դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»:

Բացի այս՝ Սիմոնյանը նաև դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ: Ըստ ամենայնի՝ այս հայցի առիթը Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումն է, որում նա հայհոյանք է հնչեցնում Սիմոնյանի հասցեին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն