ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և հաղորդավար Վազգեն Սաղաթելյանի:
Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Սիմոնյանը պահանջում է, որ Վազգեն Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակային ներողություն խնդրի, վիրավորանքի համար փոխհատուցի 2 միլիոն դրամ, դատական ծախսերի համար՝ 530 հազար դրամ:
Ըստ ամենայնի՝ այս հայցի առիթը Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումն է, որում նա հայհոյանք է գրել ԱԺ նախագահի հասցեին:
Բացի այդ՝ նշենք նաև, որ Սիմոնյանը հաստատել է՝ դատարան ներկայացրել են հաղորդում, որը վերաբերում է «Իմնեմնիմի» փոդքասթի թողարկումներից մեկին: Մասնավորապես՝ Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի այն թողարկմանը, որի հյուրը Սերժ Սարգսյանն էր, «շան լակոտ» և «լածիրակ» էր անվանել Սաղաթելյանին ու Սամսոնյանին: Վերջիններս արձագանքել էին այս գրառմանը մեկ այլ թողարկման ընթացքում, մասնավորապես՝ Սաղաթելյանը հայհոյանք էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին, ինչպես նաև նրան անվանել էր «սուտասան»՝ հերքելով Միքայել Մինասյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորում ստանալու մասին ԱԺ նախագահի պնդումը: Այս թողարկումից հետո Սիմոնյանը գրել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը «իր և իր ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ» են հնչեցրել՝ նշելով, որ «այդ բոլոր բառերի համար դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից «ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական գործողություններ են իրակացվել» «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում: Վերջիններս ձերբակալվել են:
Թե՛ Նարեկ Սամսոնյանին, թե՛ Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 297-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով (Խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Նրանց պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասացին, որ պաշտպանյալների հարցաքննությունն ավարտվել է, և այժմ սպասում են կալանքի միջնորդությանը:
«Նույն մեղադրանքն է՝ խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ, ինչով որ արդեն արդարացվել էին։ Դատախազն էլ էլի նույնն է՝ պարոն Ավետյանը, որը եկավ, դատարանում մեղադրանքը պաշտպանեց, պարտվեց, հիմա նորից մեղադրանք է հարուցել»,- հավելել է Բաբայանը։
Նշենք, որ խուզարկություն է իրականացվում նաև «Անտիֆեյք» լրատվականի գրասենյակում: Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ տանում են այն տեխնիկան, որով նկարահանում է իրականացվում: