Եթե սպառնալիք է հնչում, ի՞նչ պիտի անեմ, չէի կարող չդիմել. Ալեն Սիմոնյանը՝ հաղորդման մասին | azatutyun.am

azatutyun.am  Նրանք, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, բոլորն օրենքով պատժվելու են, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ հաղորդում ներկայացնելու մասին:

«Ամենակարևորը էմոցիայից, վիրավորանքից ու զրպարտությունից զատ, կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես, խոսքը դրա մասին է: Մենք այլ հասարակակարգ ենք ունենալու, իրար չենք դանակահարելու, այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը՝ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը», – նշել է խորհրդարանի խոսնակը:

«Այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ: Ես չէի կարող չդիմել, դիմել եմ, դիմելու եմ և լավ եմ արել, բա ի՞նչ պիտի անեի», – հայտարարեկ է ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական գործողություններ են իրակացվել» «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում: Վերջիններս ձերբակալվել են: Խուզարկություն է իրականացվում նաև «Անտիֆեյք» լրատվականի գրասենյակում:

Թե՛ Նարեկ Սամսոնյանին, թե՛ Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 297-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով (Խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Նրանց պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասացին, որ սպասում են կալանքի միջնորդություններին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի թողարկումներից մեկին, որի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, «շան լակոտ» և «լածիրակ» էր անվանել Սաղաթելյանին ու Սամսոնյանին՝ հարց ուղղելով Սարգսյանին, թե նա գիտակցո՞ւմ է, որ հարցազրույց տալով նրանց՝ այլևս կիսում է «այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները»:

Այս գրառմանը մեկ այլ հաղորդման ընթացքում անդրադարձել էին Սաղաթելյանն ու Սամսոնյանը, մասնավորապես՝ Սաղաթելյանը հայհոյանք էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին, ինչպես նաև նրան անվանել էր «սուտասան»՝ հերքելով Միքայել Մինասյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորում ստանալու մասին ԱԺ նախագահի պնդումը: Այս թողարկումից հետո Սիմոնյանը գրել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը «իր և իր ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ» են հնչեցրել՝ նշելով, որ «այդ բոլոր բառերի համար դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»:

Բացի այս՝ Սիմոնյանը նաև դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ: Ըստ ամենայնի՝ այս հայցի առիթը Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումն է, որում նա հայհոյանք է հնչեցնում Սիմոնյանի հասցեին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն