Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» կազմակերպության՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը:
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդություն են ներկայացնում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ՝ նշելով, որ նա կողմնակալ է։
Միջնորդության մեջ որպես հիմնավորում «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները նշել են «Մեսրոպյանի ամուր քաղաքական կապը գործող իշխանության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»․
«Պետք է նկատել, որ այս վարչական վարույթը քաղաքական գործընթացի արդյունք է, մասնավորապես, գործընթացը սկսվել է, երբ վարչապետը ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ կարծում է, թե հասունացել է ժամանակը, որ ՀԷՑ-ը ազգայնացվի, պետականացվի», – նշեց փաստաբան Վարդան Ալոյանը։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցում է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման հարցով նիստին․ ՀԾԿՀ անդամները մերժեցին «Տաշիր կապիտալ»-ի ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Ընդմիջման ընթացքում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը անդրադարձավ իր ավելի վաղ արած կանխատեսմանը, ըստ որի՝ ՀԷՑ-ը կզրկվի լիցենցիայից․
«Իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար ՀԷՑ-ը կզրկվի լիցենցիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների և այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որին ես տիրապետում եմ», – ասաց նա՝ չընդունելով, որ իր այդ հայտարարությամբ ինքն ուղղորդել է հանձնաժողովին: