1lurer.am Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:
«Հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»,- հայտնեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից «ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական գործողություններ են իրակացվել» «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում: Վերջիններս ձերբակալվել են: Խուզարկություն է իրականացվել նաև «Անտիֆեյք» լրատվականի գրասենյակում: «Արդարադատությանը խոչընդոտելու» կասկածանքով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Թե՛ Նարեկ Սամսոնյանին, թե՛ Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 297-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով (Խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Նրանց պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասացին, որ սպասում են կալանքի միջնորդություններին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի թողարկումներից մեկին, որի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, «շան լակոտ» և «լածիրակ» էր անվանել Սաղաթելյանին ու Սամսոնյանին՝ հարց ուղղելով Սարգսյանին, թե նա գիտակցո՞ւմ է, որ հարցազրույց տալով նրանց՝ այլևս կիսում է «այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները»:
Այս գրառմանը մեկ այլ հաղորդման ընթացքում անդրադարձել էին Սաղաթելյանն ու Սամսոնյանը, մասնավորապես՝ Սաղաթելյանը հայհոյանք էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին, ինչպես նաև նրան անվանել էր «սուտասան»՝ հերքելով Միքայել Մինասյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորում ստանալու մասին ԱԺ նախագահի պնդումը: Այս թողարկումից հետո Սիմոնյանը գրել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը «իր և իր ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ» են հնչեցրել՝ նշելով, որ «այդ բոլոր բառերի համար դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»:
Բացի այս՝ Սիմոնյանը նաև դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ: Ըստ ամենայնի՝ այս հայցի առիթը Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումն է, որում նա հայհոյանք է հնչեցնում Սիմոնյանի հասցեին: