Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի տնային կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով

«Հովիկ Գաբրիելյանն ասել է՝ իրենք դուրս են գալիս բնագծից, եթե մենք ուզում ենք մնալ, մեղքը՝ մեր վիզը»․ 2 տարի առաջ քննչական մարմնում նման ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ 5-րդ բանակային կորպուսի առանձին դեսանտագրոհային գումարտակի պայմանագրային զինծառայող Պարսամ Ասատրյանը։ Վերջինս, սակայն, դատարանում հրաժարվեց իր այս խոսքերից, ասաց՝ նման բան չի եղել։

Ասատրյանը դատարան էր ներկայացել՝ 2020 թ․ հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Ջրականի տարածքում իրականացված նահանջի վերաբերյալ ցուցմունք տալու։ Ըստ քրեական գործի՝ այդ օրը ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանը չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով հարեւան յուրային ստորաբաժանումները ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։

Գաբրիելյանն այս մեղադրանքը չի ընդունել։

Վկան դեպքի մանրամասները կամ չէր հիշում, կամ հակասական ցուցմունք էր տալիս

Ներկայանալով դատարանին՝ Պարսամ Ասատրյանն ասաց, որ Հովիկ Գաբրիելյանին չի ճանաչում, հետագայում է տեղեկացել, որ հոկտեմբերի 4-ին իրենց հարեւանությամբ Խնձորեսկի գումարտակն է եղել․ «Մեր աջ թեւում տանկային գումարտակն էր, դրանից էլ աջ՝ հատուկ նշանակության զորամասը, ձախ թեւում ոչ ոք չկար։ Չգիտեմ՝ ինչ կատարվեց, նահանջ էր թե ինչ, էդ ժամանակ համարյա 90 տոկոսին չէի ճանաչում, նահանջ լսելով՝ հետ ենք գնացել, գիշերը մնացել ենք Հադրութում, համազգեստ ենք ստացել, առավոտյան հետ ենք եկել»,- այսքանը կարողացավ մտաբերել վկան։ Նշեց՝ 2023 թ․-ին վիրավորում է ստացել եւ հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ 

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ իրենց նահանջով արդյո՞ք տանկային գումարտակի ձախ թեւը չէր բացվում, վկան բացասական պատասխանեց՝ նշելով, որ նրանց էլ էր նահանջ տրված։ Թե ում կողմից, չգիտեր։

– Որ դուք նահանջում էիք, իրենք է՞լ էին նահանջում,- հարցրեց մեղադրողը։

– Դե երկու հատ БМП եմ տեսել ճանապարհին, բայց չգիտեմ․․․

– Ո՞ւր գնացին։

– Չգիտեմ։

– Իսկ դո՞ւք։

– Հադրութ։

– Էնտեղ տեսե՞լ եք տանկային գումարտակին։

– Չէ։

– Ըստ գործի նյութերի՝ իրենք էլ են եկել Հադրութ։

– Մենք մի ժամով մտել ենք, համազգեստ ենք ստացել, դուրս ենք եկել,- պատասխանեց վկան։

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ հակառակորդը ի՞նչ հեռավորության վրա էր, տեսանելի՞ էին․

– Կոնկրետ չեմ կարող ասել, իմ հիշելով՝ չէ, ձայներ էին գալիս ու լավ հիշում եմ, որ Արալեռից աջի վրա էին աշխատում:

– Տանկեր գրոհե՞լ են, նման բան հիշո՞ւմ եք։

– Չէ, ես գիշերով եկել եմ, գիշերով գնացել։

– Քանի որ ասում եք՝ ձեր ձախ թեւը բաց էր, հնարավո՞ր էր՝ հակառակորդը գիշերով գար, թեւանցում աներ։

– 50/50․ եթե էդքան մոտիկ լիներ, կարող էր,- պատասխանեց վկան։

Վկա Պարսամ Ասատրյանը

Դատավոր Վարդգես Սարգսյանը հետաքրքրվեց՝ վկան լսե՞լ է իր հրամանատար Հայկ Գալստյանի խոսակցությունը Հովիկ Գաբրիելյանի հետ։ Վերջինս բացասական պատասխանեց։ Չկարողացավ տեղեկություններ հայտնել նաեւ հարեւան ստորաբաժանումների նահանջել-չնահանջելու, այդ հրամանը տալ-չտալու եւ այլ մանրամասների մասին։ Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

Նախաքննության ժամանակ վկան հայտնել էր ինչպես Հայկ Գալստյանի եւ Հովիկ Գաբրիելյանի միջեւ վերոնշյալ զրույցի, այնպես էլ այլ մանրամասների մասին, նշել էր՝ Գաբրիելյանի նահանջից հետո 20 հոգով այնտեղ մնալը միամտություն կլիներ, հավասարազոր մահվան, այդ պատճառով որոշում է կայացվել նրանց հետ միասին դուրս գալ։ Հայտնել էր նաեւ, որ տեխնիկայի մի մասը չի գործարկվել, չեն կարողացել իրենց հետ դուրս բերել։

Երբ վկան հայտարարեց, որ բաներ կան, ինքը չի գրել, դատավորը հետաքրքրվեց՝ կարդացե՞լ է քննիչի մոտ տված ցուցմունքը։ Վկան պատասխանեց՝ սովորություն չունի կարդալու, տվել, ասել է՝ կարդա, ստորագրի, ինքը միայն ստորագրել է։ Միաժամանակ նա պնդեց, որ չի հիշում, թե ինչ ցուցմունք է տվել։ Այս հակասական պատասխանները զայրացրին նախագահող դատավորին․

– Բա եթե չեք հիշում, ո՞նց եք ասում՝ քննիչն է գրել։ Ձեր ցուցմունքի ամեն հաջորդ պատասխանը նախորդին հակասում է, անձին 12 տարվա ազատազրկում է սպառնում, գուշակություններով մարդկային ճակատագիր չենք վճռելու, կենտրոնացեք, հիշեք, որ դատարանը հասկանա՝ Ձեր որ ցուցմունքը հիմք ընդունի։

– Նախաքննական ցուցմունքը,- արձագանքեց վկան։

Պատասխանելով կողմերի հարցերին՝ արդյո՞ք իր նկատմամբ ճնշում, ուղղորդում եղել է քննիչի կողմից, նա բացասական պատասխանեց։

Գաբրիելյանը կմնա տնային կալանքի տակ եւս 3 ամիս

Այսօրվա նիստում դատարանը քննության առարկա դարձրեց մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքի հարցը։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը նշեց՝ ի սկզբանե եղել է այն համոզմանը, որ կալանքն է ի զորու ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, սակայն դատարանի կողմից ընտրվել է գտնային կալանք խափանման միջոցը, ինչը հաստատվել է նաեւ վերադաս դատարանի կողմից։ Այս պայմաններում, ըստ մեղադրողի, տնային կալանքն է ի զորու չեզոքացնելու վկաների նկատմամբ հնարավոր ազդեցության ռիսկն ու ապահովելոը դատաքննության օբյեկտիվությունը։

Պաշտպան Վրեժ Խաչիկյանն էլ նկատեց՝ չկա եւ մեղադրողի կողմից էլ չմատնանշվեց գեթ մեկ փաստական տվյալ, երբ Գաբրիելյանը  պատշաճ վարքագիծ չի դրսեւորել, ըստ պաշտպանի՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, 2 գտարի 1 ամիս անազատության մեջ գտնվելով՝ անձը իրապես պատշաճ վարքագիծ է դրսեւորել։ 

Դատավոր Վարդգես Սարգսյանը

Խաչիկյանը խնդրեց դատարանին էլ ավելի մեծ մարդասիրություն ցուցաբերել՝ հաշվի առնելով, որ Գաբրիելյանը Արցախից բռնի տեղահանված է, խնամքին ունի մեծահասակ մայր, երկու երեխա եւ կարիք ունի հոգալու իր ընտանիքի հոգսերը։ Նա նաեւ ներկայացրեց մանրամասներ Գաբրիելյանի առողջական վիճակի հետ կապված․ «Հնարավորություն տանք, որ 2 տարի հետո անձը կարողանա իր հանապազօրյա հացը վաստակել, դրանից կարեւոր բան հայ տղամարդու, այն էլ մի մարդու համար, որը եղել է զինվորական չկա, հատկապես՝ այս պայմաններում, երբ սոցիալական խնդիրը բերում է հոգեբանական խնդրի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ անգամ այսքան հաճախակի նիստեր նշանակելու պայմաններում 38 վկաներից միայն 18-ն է հարցաքննվել։ 

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Ժամեր անց դատարանը հրապարակեց որոշումը՝ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելելով եւս 3 ամսով։

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ ձախից պաշտպան Վրեժ Խաչիկյանը, մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն