«Անտիֆեյքի» աշխատակցին ձերբակալել են․ Ռուբեն Մելիքյան

«Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մինչ այդ Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գործընկերները չեն կարողանում կապ հաստատել Իշխան Խոսրովյանի հետ։

«Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում։ Նշեց նաև, որ շուտով տեղափոխելու են Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց)»,- տեղեկացնում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Անտիֆեյք» լրատվականի «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդման վարողներ Վազգեն Սաղթելյանը և Նարեկ Սամսոնյանը երկու ամսով կալանավորվել են։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի թողարկումներից մեկին, որի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, «շան լակոտ» և «լածիրակ» էր անվանել Սաղաթելյանին ու Սամսոնյանին՝ հարց ուղղելով Սարգսյանին, թե նա գիտակցո՞ւմ է, որ հարցազրույց տալով նրանց՝ այլևս կիսում է «այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները»:

Այս գրառմանը մեկ այլ հաղորդման ընթացքում անդրադարձել էին Սաղաթելյանն ու Սամսոնյանը, մասնավորապես՝ Սաղաթելյանը հայհոյանք էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին, ինչպես նաև նրան անվանել էր «սուտասան»՝ հերքելով Միքայել Մինասյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորում ստանալու մասին ԱԺ նախագահի պնդումը: Այս թողարկումից հետո Սիմոնյանը գրել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը «իր և իր ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ» են հնչեցրել՝ նշելով, որ «այդ բոլոր բառերի համար դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»:

Բացի այս՝ Սիմոնյանը նաև դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ: Ըստ ամենայնի՝ այս հայցի առիթը Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումն է, որում նա հայհոյանք է հնչեցնում Սիմոնյանի հասցեին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն