1lurer.am Կառավարությունը հավանություն տվեց Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին:
«Նախագծով սահմանված կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվներին և, մասնավորապես, համաձայն Քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին դիրեկտիվի, արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի՝
1. չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները,
2. չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործումը և տիղմի մարքումը:
Համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի՝ եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը և եթե կան վտանգավոր նյութեր»,- ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նա նշեց, որ նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական դրույթները.
«Եթե արտադրական կեղտաջրերի արտանետումն իրականացվում է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն, և կեղտաջրերի որակը պետք է համապատասխանի կեղտաջրերի ջրահեռացման համակարգի արտանետման պահանջներին:
2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ:
Նշեմ, որ արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում իրենց միջոցների հաշվին, և տեղային մաքրման կառուցվածքների նախագծումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպությունների կողմից:
Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը: Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի և մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- ասաց նախարարը:
«Հարցի հետ կապված ես ակնկալում եմ, որ առաջիկայում աշխատանքային քննարկումների ժամանակ ներկայացնեք, թե մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մենք ինչ պլան ունենք այս որոշումը կյանքի կոչելու համար:
Մենք տնտեսվարողներին ասում ենք՝ դուք պետք է ներդրումներ անեք, որպեսզի արտադրական կեղտաջրերը մաքրեք: Մենք մեր իրականության մեջ մի ուրիշ արձանագրում չենք արել, որ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա: Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը բնապահպանական աղետ է, հետևաբար մենք ամեն օր և ամենուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում:
Մենք ինչ-որ փաստաթղթերով սա գիտենք, բայց իրականացման մեծ պրոբլեմներ ունենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ պետք է գալ այն եզրակացության, որ չվճարելով մաքրման ծառայությունների դիմաց, ըստ էության, չենք վճարում ավելի առողջ սնունդ օգտագործելու համար:
«Այդ չմաքրվող ջրերը հետո ոռոգման համակարգի միջոցով գնում են դեպի բուսաբուծություն, հետո տարբեր կերպ վերադառնում են մեր սննդի տարբեր բաղադրիչներ: Մենք ունենք հայեցակարգային քննարկում, մենք նաև այս տարվա ընթացքում ռազմավարության մանրամասն քննարկումներ ենք ունենալու և առաջարկելու ենք լուծումներ, որոնք լինելու են ծախսատար, բայց բովանդակային առումով հարցը կարգավորելու նպատակ ունեցող»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: