armenpress.am Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ խաղաղությունը չի կարող հիմնվել միայն առևտրային հարաբերությունների վրա։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ընդդիմությունը գնահատում իշխանության հայտարարությունները խաղաղության գործընթացի վերաբերյալ և այն, որ վարչապետը վստահեցնում է՝ Հայաստանը հասել է խաղաղության փուլին և արդեն հստակեցվում են «Թրամփի ուղու» տարրերը, Մամիջանյանը պատասխանեց, որ խաղաղության մասին խոսակցությունները իրականության հետ չեն համապատասխանում։
«Չի կարող լինել բանական մարդը, ով խաղաղություն չուզենա։ Բայց այն թեզը, թե Փաշինյանը խաղաղության ջատագով է, կեղծ է։ Ամենաավերիչ պատերազմը, ամենամեծ ռազմական գործողությունները և ագրեսիաները Հայաստանի նկատմամբ եղել են նրա իշխանության օրոք։ Ի՞նչ խաղաղություն»,-ընդգծեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ խաղաղությունը որևէ երաշխիք չունի, բացի նրանից, որ՝ եկեք առևտուր անենք։
«Ադրբեջանը այն երկիրը չէ, որին փորձես զսպել հայտարարություններով կամ առևտրով»,-ասաց պատգամավորը։
Նա համեմատեց իրավիճակը ներկայիս ռուս-ուկրաինական հակամարտությունների հետ՝ ընդգծելով, որ այնտեղ գոյություն ուներ ճանաչված սահմաններ, խորը տնտեսական կապեր և էներգակիրների փոխադարձ կախվածություն, սակայն անգամ դա չի հանդիսացել պատերազմից խուսափելու երաշխիք։