Հայաստանում նոյեմբերի 14-15-ը կազմակերպվել է «Աղոթք-նախաճաշ» միջոցառումը:
Ըստ միջոցառման կայքում նշված պաշտոնական տեղեկատվության՝ այն նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և մասնակցությամբ:
«Մեր նպատակն է վերականգնել Հայաստանի հոգևոր հիմքերը և հաստատել նրա ավանդական քրիստոնեական արժեքները: Այս բացառիկ միջոցառումը կհամախմբի քաղաքականության, դիվանագիտության, բիզնեսի, մեդիայի, հասարակական կյանքի և կրոնի ոլորտների առաջնորդների՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- նշվում է տեղեկատվության մեջ:
Սոցցանցերում հրապարակվել է նաև միջոցառման օրակարգը, ըստ որի՝ այսօր Ազգային պատկերասրահում տեղի են ունենալու պանելային քննարկումներ, իսկ վաղը՝ նոյեմբերի 15-ին, Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Աղոթքի նախաճաշը, ապա այց է իրականացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ Հայ առաքելական եկեղեցու ծառայողները չեն հրավիրվել միջոցառմանը: Սակայն Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, 24news.-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է. ««Աղոթքի նախաճաշ» միջոցառման հրավեր Մայր Աթոռը ստացել է, որին կմասնակցի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը: Լինելով Հայաստանում Մայր Եկեղեցի՝ մեր ներկայացուցիչը կմասնակցի միջոցառմանը՝ նեկայացնելու խղճի ազատության Հայ Եկեղեցու տեսակետներն ու ընկալումները»:
Հարցին, թե տեղյա՞կ են, որ Մայր աթոռ այց է նախատեսվում, պատասխանել են. «Այո, տեղյակ ենք։ Մասնակիցները կայցելեն Մայր Տաճար, Մայր Աթոռի թանգարաններ, իսկ մի խումբ մասնակիցների կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը»:
Միաժամանակ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնել միջոցառման վերաբերյալ՝ նշելով, որ «սա հերթական դրսևորումն է այն երևույթի, երբ ՀՀ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։
«Նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաժողովրդավարական գործողություններից և Հայ Առաքելական Եկեղեցու, որպես հայ ժողովրդի հոգևոր սյունի, նկատմամբ վարվող համակարգված ճնշման քաղաքականությունից»,- ասվում է հայտարարությունում:
Հանձնախումբը նաև կոչ է արել բոլոր եվրոպացի հոգևոր և քաղաքական գործիչներին, որոնք հրավիրվել են Հայաստան «աղոթքի նախաճաշին», գնահատել իրենց մասնակցությունը. «Եթե եվրոպացի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել, ապա ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նրանց կոչ է անում բացահայտ վերահաստատել իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և կրոնի ազատությանը, հանրայնորեն դատապարտել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները և սպառնալիքները, փորձել հանդիպել կալանավորված և բանտարկված բարձրաստիճան հոգևորականների ու քաղաքական բանտարկյալների հետ՝ ներառյալ Սամվել Կարապետյանին, որպեսզի անձամբ տեղեկանան նրանց պայմանների և մեղադրանքների բնույթի մասին, Այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ՝ տեղեկանալու Եկեղեցու տեսակետին՝ Հայաստանում կրոնական ազատության և եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ»: