news.am «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու կալանավորված հոգևորականներին։ Այս մասին X-ում հայտնել է Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը՝ CSI-ն։
Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը հիշեցրել է մասնակիցներին, որ իր երեք հոգևորական եղբայրները բանտում են՝ թվարկելով արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի անունները։ «Նրանք բոլորը բանտարկված են ՀՀ կառավարության կողմից»։
Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը խոսելով կալանավորված հոգևորականների մասին, ասել է. «Ես խորապես մտահոգված եմ Հայաստանում հոգևորականների ձերբակալության մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում իշխանություններին հարգել պատշաճ ընթացակարգը և ազատ արձակել նրանց»։
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Ուելկամպն էլ նախորդ օրը տեսաուղերձ է ձայնագրել Հանրապետության հրապարակից: Նա կոչ է արել թույլտվություն ստանալ այցելելու կալանավորված քահանաներին և նշել. «Մենք ուրախ ենք այստեղ լինել, բայց որոշ հարցեր ունենք»։
Հիշեցնենք, որ այսօր և վաղը Հայաստանում անցկացվում է «Աղոթք-նախաճաշ» միջոցառումը, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և մասնակցությամբ:
Մայր Աթոռից հայտնել էին, որ իրենք ևս մասնակցության հրավեր են ստացել։ Նշվել էր, որ Մայր Աթոռից մասնակցելու է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը՝ «նեկայացնելու խղճի ազատության Հայ Եկեղեցու տեսակետներն ու ընկալումները»: