ՀԷՑ-ը թուրքերին վաճառելու թեման գեբելսյան քարոզչութուն էր. Մեսրոպյանը նշեց՝ ինչու են ՀԾԿՀ անդամները մեկնել Թուրքիա | news.am

news.am: Այդ հարցին ես մինչև հիմա չէի արձագանքում, քանի որ իմ պաշտոնը ապաքաղաքական պաշտոն է, և պաշտոնի անձնագրով նիստերի վարման կարգով ես իրավունք չունեի որոշումից առաջ կարծիք, դիրքորոշում հայտնելու, որպեսզի դա չդառնար բացարկի միջնորդության հիմք։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի այն հայտարարությանը, թե «իր տեղեկություններով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են Թուրքիա»։

«Հիմա քանի որ որոշումը կա, ես ազատ եմ դիրքորոշում հայտնելու մեջ, կփորձեմ նաև իմ դիրքորոշման մեջ քաղաքական դիրքորոշում չհայտնել։ Իսկ ի՞նչ է եղել իրականում. իրականում, այո, հանձնաժողովի երեք անդամներ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբերին՝ հետևյալ օրակարգով և հետևյալ թեմայով:

Հայաստանի Հանրապետությունը 1999 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաև հիմնադիր անդամ։ Այս ասոցիացիան ստեղծվել է 1999 թվականին և Հայաստանը ստեղծման օրվանից հանդիսանում է այդ ասոցիացիայի հիմնադիր անդամ: Ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ: Եվ ի ուրախություն մեզ (երևի դա մեր թերությունն է, որ մեր լրատվականներով, կայքերով այդ մասին չթմբկահարեցինք)՝ այս տարվա մայիսին իմ գլխավորությամբ մեր պատվիրակությունը այդ ասոցիացիայի աշխատաժողովներին մասնակցել է Օմանում, և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ընտրվել է այդ ասոցիացիայի նախագահության անդամ՝ երեք տարով։

Ասոցիացիայի աշխատանքային ռեժիմը այսպիսին է, տարին երկու անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրվում, և այդ աշխատաժողովների օրերի ընթացքում այդ 47 երկրների պատվիրակները, ներկայացուցիչները քննարկում են էներգետիկայի վերաբերվող բազմաթիվ հարցեր։ Օրակարգային են հատկապես վերականգնվող, արևային էներգետիկայի հետ կապված խնդիրները, որոնք ոչ միայն մենք ունենք մեր երկրում, այլև գրեթե բոլոր երկրները, որոնք սկսել են արևային էներգետիկա ներդնել իրենց երկրում»,- ասաց Մեսրոպյանը:

Նրա խոսքով Թուրքիա վերջին այցելության ժամանակ հիմնականում այս խնդիրներն են շոշափվել. «Հետևաբար՝ խոսել այդ մասին, ի լուր աշխարհի հայտարարել ազգաբնակչությանը, որ գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի գան, ՀԷՑ-ը վաճառեն թուրքերին, առնվազն նման է Գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։

Օգտվելով այսօրվա ընձեռած հնարավորությունից՝ ես խոսքս ուղղում եմ առաջին հերթին բոլոր այն մարդկանց, ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք նեղ մասնագետներ չեն, ոլորտի ներկայացուցիչներ չեն, ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր սոցիալական կարգավիճակ, տարբեր ինֆորմացիայի աղբյուրներ և կարող են շատ հեշտությամբ մոլորության մեջ ընկնել նման հայտարարություններից հետո։ Նման բան պարզապես չկա»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն