Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն | armenpress.am

armenpress.am:

Կստեղծվի  «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ: Որոշման նախագիծը ավագանուն ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Առաջարկվում է ստեղծել համապատասխան ստորաբաժանում՝ համայնքային հիմնարկի տեսքով՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որի գործառույթների մեջ պետք է մտնի տարբեր միջոցառումների և պրոյեկտների իրականացումը՝ կապված երթևեկության կազմակերպման և կառավարման հետ»,- ասաց Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետարանը 2026թ. համար նախանշել է երկու խոշոր ծրագիր:

«Դրանցից առաջինը հանրային դիսպետչերիզացիայի համակարգն է: Ինչպես գիտեք, հանրային տրանսպորտի ոլորտում շարունակում ենք իրականացնել համապարփակ բարեփոխումներ:

Դրան պետք է գումարվի նաև պատշաճ հոսքերի ու գրաֆիկների կազմակերպումը: Երկրորդը՝ ընդհանուր երթևեկության կառավարումը: Բազմիցս խոսել ենք խելացի լուսացույցերի, հոսքերի համապարփակ հաշվարկի և այլ միջոցառումների անհրաժեշտության մասին: Այսօրվա փոփոխության հիմքում նույնպես ընկած են այդպիսի հաշվարկներ:

Բայց, բնականաբար, տեխնոլոգիական լուծումներին զուգընթաց այդ հաշվարկների ճշգրտությունը բարձրացնելու և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նման հիմնարկի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել»,- ասաց փոխքաղաքապետը:

Քանի որ վերը նշված գործառույթների մի մասն իրականացվում է «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից, ավագանու քննարկմանը կներկայացվի նաև ՓԲԸ-ի լուծարման հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն