Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան էլ կբացի իր սահմանը Հայաստանի հետ. Ֆիդան | civilnet.am

civilnet.am:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, երբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրվի», հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Այդ մասին նա խոսել է նոյեմբերի 18-ի երեկոյան Թուրքիայի խորհրդարանում 2026-ի երկրի բյուջեի քննարկումների ժամանակ։

Ֆիդանը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար ընդգծել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Հայաստանի հարավով նախատեսված հաղորդակցային ուղու հարցերը, որոնք «տեղ չեն գտել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում»։

«Այդ զգայունություների հաղթահարմամբ և Ադրբեջանի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան էլ կբացի իր սահմանային դռները Հայաստանի հետ», – նշել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, թե «Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության համար այդչափ պատրաստակամ լինելու ամենամեծ դրդապատճառն այն է, որ նկատում է հարաբերությունների կարգավորման հարցում թուրքական կողմի կամքը»։

«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը իրենց համար [հայկական կողմի] կարևոր հարցեր են», – ընդգծել է Ֆիդանը։

Մանրամասնելով Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում չշտապելու դրդապատճառները՝ Ֆիդանը փորձել է դրանք հիմնավորել Հարավային Կովկասում սառեցված հակամարտություն թույլ չտալու ցանկությամբ։

«Մեր հարաբերությունները [Հայաստանի հետ] հենց այս պահին կարգավորելով՝ Հայաստանի ձեռքից կխլենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ամենակարևոր շարժառիթը։ Դրանով հնարավոր է տարածաշրջանում սառեցված պատերազմի առաջ կանգնենք, ինչը չենք ցանկանում», – նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Մինչ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ, Երևանը հայտարարում է օր առաջ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման պատրաստակամության մասին։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Թուրքիայի հետ «շատ ինտենսիվ երկխոսության մասին»՝ հույս հայտնելով, որ առաջիկայում շոշափելի արդյունքներ կստացվեն երկու երկրների երկխոսությունից։ Հնարավոր է՝ խոսքը դիվանագիտական անձնագիր կրող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին է։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար 2021-ին նշանակել են հատուկ ներկայացուցիչներ ի դեմս Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի։ Նրանց միջև ցայսօր վեց հանդիպում է եղել․ վերջինը՝ սեպտեմբերի 12-ին Երևանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն