«Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարվել է մրցույթ, որը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին։
Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր երկու հավակնորդ՝ Ռուստամ Սահակյանն ու Արմեն Ծատուրյանը:
Մրցույթն անցկացնելու համար հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որին ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 19-ը։
Մրցույթն ընթացել է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն: Արմեն Ծատուրյանը հանդիսանում էր ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ և «Հիմնադրամների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն չի մասնակցել քվեարկություններին: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով։ Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Արմեն Ծատուրյանի օգտին «կողմ» են քվեարկել 13-ը, Ռուստամ Սահակյանի օգտին՝ 5-ը։
Արդյունքում, հիմք ընդունելով ՎՊՀ-ի կանոնադրության 58-րդ կետը, հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (13 կողմ) մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Միշայի Ծատուրյանն ընտրվել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով:
«Քանի որ Վանաձորի պետական համալսարանի գործունեության առանցքը հիմնականում մանկավարժական կրթությունն է, կարևորում եմ, որ այստեղ ռեկտորի պաշտոնում լինի մարդ, որը լավ ճանաչում է դպրոցը և պատկերացնում է մանկավարժական կրթության առանձնահատկությունները»,- նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մեծարգո պարոն վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ, շնորհակալություն վստահության համար, հաստատելու դեպքում հնարավորինը կանեմ՝ լավարկելու աշխատանքները «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթական գործընթացների որակին և վերջնարդյունքի վրա, իհարկե, այս ամենը՝ բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ»,- ասաց Արմեն Ծատուրյանը: