Վարչապետը ներկայացրեց հարկերի հավաքման վերաբերյալ պետական մարմիններին տված իր հանձնարարականը | armenpress.am

armenpress.am:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական մարմիններին հանձնարարել է՝ Հայաստանում որևէ տնտեսավարող չպետք է օբյեկտիվ հիմք ունենա՝ ասելու, որ հարկային մարմիններն իրենից գանձել են թեկուզ մեկ լումա ավելի, քան պետք էր:

Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Իմ հանձնարարականը մեր պետական մարմիններին հետևյալն է՝ ՀՀ որևէ հարկ վճարող չպետք է օբյեկտիվ հիմք ունենա՝ ասելու, որ Կառավարությունը կամ հարկային մարմիններն իրենցից գանձել են թեկուզ մի լումա ավելի, քան պետք է վերցներ: Սա շատ հստակ հանձնարարական է: Չպետք է նաև Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ և պրակտիկա»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ իհարկե, կան տնտեսավարողներ, որոնք դիմել են իրեն՝ ասելով, որ այդ սկզբունքը խախտվում է: Վարչապետը մի քանի նամակներ ստանալուց հետո փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է հրավիրել նամակի հեղինակ տնտեսավարողներին և պետական մարմիններին, ու գործընկերային, բարեկամական մթնոլորտում հասկանալ, թե իսկապե՞ս կան անարդարություններ, իսկապե՞ս Կառավարությունը որևէ սխալ բան է անում տնտեսավարողների նկատմամբ:

Նա վստահեցրեց, որ Կառավարությունում հարգանք ու պատկառանք ունեն բոլոր հարկ վճարողների նկատմամբ:

«Բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարները վերադարձնելու ձևերը կգտնենք: Դա ուղղակի դեմ է մեր ընկալմանը, աշխարհայացքին, գաղափարախոսությանը: Մենք մի լումա ավելի չենք կարող վերցնել»,-նշեց վարչապետը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն