civilnet.am։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Google-ի կենտրոնակայանում ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։
Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-ի միջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։
«Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը»,- հայտնում են դեսպանությունից։
The post Google-ում քննարկվել է հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը appeared first on CIVILNET.