armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր՝ կենտրոնանալով առևտրաներդրումային կապերի հետագա ընդլայնման և ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտի նախագծերի իրականացման վրա։
«Կատարվել է մտքերի փոխանակում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ խաղաղ կարգավորման ամերիկյան առաջարկների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ առաջարկների այն տարբերակները, որոնց հետ մենք ծանոթացել ենք, համապատասխանում են Ալյասկայում ռուս-ամերիկյան բարձր մակարդակով քննարկումներին և սկզբունքորեն կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար։ Վերահաստատվել է Ռուսաստանի շահագրգռվածությունը ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հարցում», – նշված է հաղորդագրության մեջ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտնել է բանակցային գործընթացին ամեն կերպ օգնություն ցուցաբերելու իր մտադրությունը և պատրաստակամությունը՝ շարունակելու ստամբուլյան հարթակը տրամադրել այդ նպատակների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հարցի շուրջ ռուս-թուրքական շփումները տարբեր մակարդակներում ակտիվացնելու վերաբերյալ։
Թուրքիայի նախագահը նաև կիսվել է Յոհանեսբուրգում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին իր այցի և մի քանի մասնակից երկրների ղեկավարների հետ հանդիպումների տպավորություններով։
Նախագահները պայմանավորվել են պահպանել կանոնավոր շփումները։