Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց դեմ չէ փաստաթղթերի ընդունմանը | civilnet.am

civilnet.am։ Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը տեղեկացրել է, որ դեմ չէ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին հայտնել են, որ դեմ չեն հանդիպմանը համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,- ասել է Ուշակովը լրագրողներին։

***

Հունիսի 26-ին կառավարությունում ճեպազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով երկրի դիրքորոշմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հանդեպ, ասել էր․ «ՀԱՊԿ-ի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, որ այսպես երկար չի կարող մնալ»:

Նրա խոսքով՝ «ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ»։

Այս տարվա մարտին էլ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ երկիրը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց։

Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն