azatutyun.am: Խորհրդարանում մեկնարկել են քաղբանտարկյալների հարցով լսումներ, այն նախաձեռնել են ընդդիմադիր երկու խմբակցութունները:
Լսումները վերաբերում են «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծին:
Նիստերի դահլիճում Կառավարության ներկայացուցիչների համար նախատեսված աթոռներին դրվել են դատական գործերով անցնող քաղաքական, հասարակական և այլ ոլորտների գործիչների լուսանկարները:
Ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը ներկայացրեց շրջանառության մեջ դրված հայտարարության նախագիծը, որում նշված է՝ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում և դրա դրսևորումն է նաև աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:
Նախագծում հղում է արվում ԵԽԽՎ 2012 թվականի բանաձևին: Ընդդիմադիրների կարծիքով՝ այս բանաձևով սահմանված չափանիշներով Հայաստանում մոտ վեց տասնյակ քաղբանտարկյալ կա:
Իշխանությունները համաձայն չեն այս գնահատականի հետ: ԱԺ հանձնաժողովի նիստին նրանք, հիմնականում միջազգային կառույցներին հղում անելով, պնդել են, որ չկա այնպիսի մի կառույցից տրված անաչառ գնահատական, որում արձանագրված է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: