arm.sputniknews.ru։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով` իշխանությունները քաղաքական և քաղաքացիական իրավունքները հռչակող օրենքները դարձել են հռչակագրային փաստաթղթեր. «Այս պահին Հայաստանում 60-ից ավելի անձ քրեական հետապնդման են ենթարկվում քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում»։
Այս մասին Վարդանյանը հայտարարել է այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի լրացման համար հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:
Նրա խոսքով` Հայաստանը վերածվել է քաղաքական ճնշումների և հաշվեհարդարի գործիքի։
«Իշխանությունը միայն ծառայում է վախի մթնոլորտ ստեղծելուն և իրենց իշխանությունը ամեն գնով պահելու համար իրավական պետության հիմքերի կործանմանը։ Հայաստանում չեն գործում իրավունքի պաշտպանության մեխանիզմները, իսկ քաղաքական և քաղաքացիական իրավունքները հռչակող օրենքները դարձել են հռչակագրային փաստաթղթեր»,- նշեց Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ բանտարկված են Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, համայնքների ընդդիմադիր ղեկավարներ, Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչները և այլն։ Վարդանյանն ընդգծեց, որ բոլորը ԵԽԽՎ-ի 2012 թվականին ընդունված բանաձևով համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ՀՀ դատախազության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ և ընդդիմադիր ուժեր բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Ակցիայի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ շրջանառության մեջ են դրել «ՀՀ-ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26-ին լինելու են լսումներ։ Լսումներին հրավիրել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ է կատարվում ՀՀ-ում։ Այս հրավերը փոխանցվեց նաև գլխավոր դատախազին։