civilnet.am։ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր դեռևս մեր առջև չի դրվել։ Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ Աժ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, եթե հրաժարվում է մասնակցել գագաթնաժողովներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի սկզբին հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցված է։
«Հայաստանը թեև չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց նաև չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը»,- ասաց փոխնախարարը։
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։
Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։