pastinfo.am: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր խուսափել է մասնակցել քաղբանտարկյալների վերաբերյալ ԱԺ լսումներին, քանի որ չունի զեկույցում տեղ գտած փաստերի նկատմամբ հակափաստարկներ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ մի շարք ապօրինություններ հաճախ իրականացվում են դատախազության մասնակցությամբ
«Այս քննարկմանը հրավիրել ենք նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, բայց պետք է արձանագրենք, որ միջազգային գործընկերներից շատերը նախընտրեցին ներկա չլինել այս դահլիճում ու մոտիկից չծանոթանալ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն կանգնած է պետականության, ինքնիշխանության, ազգային ինքնության պահպանման լրջագույն վտանգի առջև։
«ՀՀ իշխանության ղեկին հայտնված այս վարչախումբն ում անմիջական մասնակցությամբ ու մեղսակցությամբ Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, ցեղասպանություն, Արցախը հանձնելուց հետո հետևողականորեն պայքար է սկսել մեր ազգային ինստիտուտները կազմաքանդելու, մեր հոգևոր արժեքների ու ինքնության հիմքերը ոչնչացնելու ուղղությամբ։ Իրենց այս հակահայ ծրագրերն իրականացնելու համար սկսել են բռնաճնշումների նոր ալիք և բոլոր նրանք, որոնք կանգնած են հայկական պետական շահերի պաշտպանության դերում հերթով փորձում են շինծու մեղադրանքներով կալանավորել ու մեկուսացնել։ Հասել ենք նրանք, որ քաղաքացիների հիմնարարա ազատությունները սահմանափակված են՝ խոսքի ազատ իրավունքը, ընտրել ու ընտրվելու իրավունքը, աշխատանքի, սեփականության իրավունքը»,- հայտարարել է նա։
Նա նշել է, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի, ազգային, պետական մտածողություն ունեցող հասարակական ու քաղաքական շրջանակները պարտավոր են մեկտեղել ջանքերն ու հնարավորությունները ստեղծված իրավիճակը կասեցնելու ու փոփոխելու համար։
«Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի ուժերն անկախ իրենց տարաձայնություններից տարբեր հարցերի շուրջ պետք է համագործակցեն, քանի որ կան տարբեր առանցքային օրակարգային հարցեր։ Այն կետերը որոնց շուրջ կարելի է համագործակցել ներկայացնում ենք. բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների ու քաղաքական հետապնդումների նկատմամբ, ՀԱՍԵ և ազգային արժեքների պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն, բացառել ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը, անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը համատեղ ուժերով վերահսկեն նախընտրական, ընտրական ու հետընտրական ամբողջ գործընթացը, փորձելով ապահովել ու զերծ պահելով այս իշխանություններին հերթական չարաշահումներից»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Վերջինս հավելել է, որ ընդդիմադիր դաշտը կկարողանա միասին ձևավորել դիմադրության ճակատ՝ ՀՀ-ի ազգային շահերը պաշտպանելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար, իսկ հաջորդ շաբաթվանից սկսելու են խորհրդակցություններ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։