armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանի իշխանության քայլերի արդյունքում բոլոր գերիները կվերադառնան հայրենիք։
Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այժմ Ադրբեջանում պահվում է 23 հաստատված գերի, մինչդեռ 2020 թվականի պատերազմից հետո դրանց թիվը հասնում էր 200-ի։
«Մենք ունեցել ենք մինչև 200 գերի։ Հիմա՝ այսօր, կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք, և ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը գալու է հասնի զրոյի, և բոլորը վերադառնալու են։ Վերադառնալու են նաև Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր գերեվարվել են և այսօր գտնվում են այնտեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է և անելու է, որպեսզի բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,- ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ իր լավատեսությունը պայմանավորված է թե՛ նախորդ փորձով, թե՛ ընթացիկ աշխատանքներով։
«Ասում եմ՝ պատերազմից հետո մենք ունեինք մինչև 200 հաստատված գերի, այսօր մենք ունենք 23 գերի․ տասնապատիկ ավելի քիչ։ Դա հիմք է, որի վրա ես կարող եմ հենվել։ Եվ ես գիտեմ, թե ինչ ջանքեր են գործադրվում իշխանության կողմից, իմ կողմից, արտաքին գործերի նախարարի կողմից»,- ընդգծել է ԱԺ նախագահը։