Եպիսկոպոսաց դասը դատապարտելի է համարել Պատարագի ընթացքում Կաթողիկոսի հիշատակության միտումնավոր զեղչման երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է։ Այս մասին նշվում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
«Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ անցած կիրակի Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագին, որին նաև վարչապետն էր մասնակցում, պատարագող քահանան՝ Տեր Երվանդը, չէր հնչեցրել Կաթողիկոսի անունը՝ բացատրելով, որ «պարզապես իր անհամաձայնությունն է արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին»: