Փաշինյանը հանձնարարեց ստեղծել երկու աշխատանքային խումբ՝ օդի աղտոտվածության և խցանումների հարցերով | civilnet.am

civilnet.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ի կառավարության նիստում հայտարարեց, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ ստեղծել երկու աշխատանքային խումբ։

Առաջին խումբը զբաղվելու է օդի աղտոտվածության խնդիրներով։ Վարչապետի խոսքով՝ նախ պետք է խնդիրը արձանագրել օրակարգում, հասկանալ պատճառները և տալ կոնկրետ լուծումներ։

Երկրորդ խումբը զբաղվելու է երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով։

«Երկուսն էլ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ենք ձևավորում, և այնտեղ պետք է լինեն հաշվետվողականության մեխանիզմներ՝ ժամանակ առ ժամանակ, այդ թվում՝ հանրային հաշվետվություններ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարեց աշխատակազմին ներկայացնել առաջարկ անհատական կազմի վերաբերյալ։ Խմբերը լինելու են միջգերատեսչական, որոնցում բնականաբար ներգրավված կլինի Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև այլ համայնքների ներկայացուցիչներ։

Փաշինյանը շեշտեց քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը։

«Պետք է նախատեսել քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչների ներառումը անպայման։ Այսինքն՝ ոչ միայն գերատեսչությունների միջոցով աշխատել, այլ ուղիղ, անմիջապես, անհատապես աշխատանքային խմբերում նրանց ներգրավվածությունը, որպեսզի փորձագիտական և վարչարարական կապը հնարավորինս ավելի ուժեղ լինի»,- ամփոփեց վարչապետը։

Վերջին օրերին օդի որակը հանրապետությունում վատթարացել է։ Այն զգացվում է նախ և առաջ մայրաքաղաքում։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր անդրադարձել այս խնդրին։

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նա նկատել էր, որ չնայած հանրային քննարկումներում հաճախ շեշտադրվում է շինարարական փոշու գործոնը, սակայն ձմռանը իրավիճակը սրվում է այլ պատճառներով։ Ավինյանը մատնանշել էր հանրապետության տարբեր հատվածներում (մասնավորապես՝ Ճամբարակում) գրանցված խոշոր հրդեհները, ինչպես նաև կենցաղային մակարդակում տերևների և աղբի այրումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն