armenpress.am: ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց պետական կառավարման համակարգի մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագրի նախագծի հիմնավորումը՝ ընդգծելով այն որպես հանրային կառավարման բարեփոխումների կարևոր ուղղություն։ Խաչատրյանը նշեց, որ ներկայացված նախագիծը բխում է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայության մրցունակությունը։
«Այս փոխկապակցված նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է ինչպես համակարգում մրցունակ կադրերի պահպանումը և նորերի ներգրավումը, այնպես էլ կառավարման մարմինների սահմանափակ ռեսուրսները առաջնահերթ անելիքներին ուղղելու հարցը»,-ասաց նա։
Փոխվարչապետն ընդգծեց, որ ոչ պետական հատվածի համեմատությամբ հանրային ծառայությունում վարձատրությունն ավելի քիչ մրցունակ է, ինչն ազդում է համակարգի գրավչության վրա։
Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը նախորդ տարվա վերջին քայլեր էր նախաձեռնել նախարարությունների և մատչելի ենթակառույցների գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու համար․ սահմանվել են 12 նախարարությունների առաջնահերթ ուղղությունները, նույնը՝ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և Կադաստրի կոմիտեի համար, մշակվել է գնահատման միասնական մեթոդաբանություն, չափվել է կատարված աշխատանքի առաջընթացը, ամփոփվել են առաջին կիսամյակի արդյունքները։
«Առաջին կիսամյակի արդյունքներով ամփոփված աշխատանքը փաստում է, որ այն բավարար հիմքեր է ստեղծել շարունակական եղանակով կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելու համար»,-նշեց փոխվարչապետը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ստեղծել կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման նոր համակարգ։
«Խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրության ավելացումը մի մասով հանդիսանում է կրթական ծախսերի համար նախատեսված գումար՝ որպես որակավորումը բարձրացնելու և կարողություններն ավելացնելու լրացուցիչ հնարավորություն»,-ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս մոտեցումը նախատեսված է բարձր կատարողականը խրախուսելու, պետական համակարգում վարձատրությունը համահունչ դարձնելու կատարված աշխատանքին, պետական ծառայությունը դարձնելու ավելի գրավիչ, աջակցելու հանրային ծառայողների շարունակական կրթությանը։
Փոխվարչապետը նշեց նաև, որ ծրագիրը ոչ միայն ամփոփում է կատարված աշխատանքը, այլև դառնում է ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք։
«Պիլոտային ծրագրի արդյունքները դառնալու են մեր կողմից շարունակական վերլուծության առարկա, իսկ եզրակացությունները՝ հիմք հանրային ծառայության մոտիվացիոն մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու հետագա բարեփոխումների համար»,-եզրափակեց նա։