arm.sputniknews.ru: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը ակնկալում է, որ ՀՀ քննչական կոմիտեն համապատասխան գործընթաց կսկսի սրբազանի և եկեղեցու նկատմամբ թշնամանքի և ատելության տարածման առնչությամբ։
«Ողջամտորեն չէր կարող նշանակվել և չէր կարող կատարվել տեսանյութերի փորձաքննություն, իսկ եթե կատարվել էր, ապա այն չէր կարող տրամադրվել այլ անձանց՝ նախաքննության գաղտնիության պահանջներից ելնելով»,- ասել է Բաբայանը։
Նշենք, որ մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածվել է 13 եպիսկոպոսների վերագրվող նամակ, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Իբրև թե նոյեմբերի 25-ին ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն ու, իբրև թե եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։
Բաբայանը նշում է՝ հայտնի չէ՝ գրությունն իրական է, թե ոչ, քանի որ դա վերաբերում է բացառապես հոգևորական դասի ներքին հարաբերություններին և եկեղեցու ներիշխանական գործընթացներին՝ հիշեցնելով, որ սա նման ձևաչափով առաջին գրությունը չէ, և որ օրեր առաջ ևս մեկն էր տարածվել՝ կրկին մի շարք տառասխալներով։
«Ակնհայտ է, որ գրում, տալիս են, մի մասը ստորագրել էին, մի մասը չէին էլ ստորագրել»,- ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է գրության մեջ նշված փորձաքննությանն ու դրա արդյունքների՝ եպիսկոպոսներին տրամադրմանը, Բաբայանը նշում է՝ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, ուստի ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ։
«Արշակ արքեպիսկոպոսն ասել է, որ այդ տեսանյութերն իր հետ առնչություն չունեն։ Դա ոչ միայն զրպարտություն է, բարի համբավի արատավորում, այլև թշնամանքի, ատելության տարածում է Արշակ սրբազանի և եկեղեցու նկատմամբ»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Արշակ սրբազանը հարցաքննության ժամանակ բանավոր այդ մասին ասել է վարույթն իրականացնող քննիչին՝ ակնկալիքով և հորդորով, որովհետև թշնամանքի քարոզումն ու տարածումը քրեորեն պատժելի արարք է։
Արդյոք որևէ քայլ ձեռնարկվե՞լ է այս ուղղությամբ՝ Բաբայանը չգիտի։
Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «որպես Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ՝ որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ է ընդունել այդ հայտարարությունը, իսկ որպես պետության ղեկավար՝ վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում է այն»:
«Կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի հայտարարությունից բխող նրանց դիրքորոշումները, մոտեցումները ավելի մանրամասն հասկանամ»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ մինչև հայտարարությանը միացած բարձրաստիճան հոգևորականների հետ հնարավոր հանդիպումը հավելյալ մեկնաբանություններից զերծ կմնա։