Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ. Արշակ սրբազան | news.am

news.am: Երբ որ այդ տեղեկությունը կհաստատեն այդ դիմումը ստորագրող անձինք, որոնց անունները շրջանառվում են, երբ դա կհաստատվի, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանը:

Նշենք, որ մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածվել է 13 եպիսկոպոսների վերագրվող նամակ, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Իբրև թե նոյեմբերի 25-ին ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն ու, իբրև թե եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։

«Ես հիմքեր չունեմ ամբողջական հաստատելու, որ այն անձինք, որոնց անունները նշված են, կրում են այդ պատասխանատվությունը։ Երբ որ իրենց կողմից շոշափելի կհաստատվի, այդ ժամանակ այդ թեմայի շուրջ ավելի առարկայորեն կխոսենք»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ իրեն վերաբերող հարցը քննարկել է հատուկ ձեւավորված 7-հոգանոց հանձնախումբը, թե ինչ է այն քննարկել, նա ասաց. «Այդ հարաբերությունները ներքին ընթացակարգով կարգավորվող հարաբերություններ են։ Ես պատշաճ չեմ համարում այդ գործընթացի մասին բարձրաձայնել, որքան էլ դա հանրային դաշտ է նետվել տարօրինակ կերպով։ Իսկ մնացածի վերաբերյալ իմ փաստաբանը գրառում է արել, այդ գրառման մեջ որոշակի ուրվագծումներ կան, կարող եք ծանոթանալ։ Ես չէի ուզի հավելյալ մեկնաբանություններ անել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔԿ-ն է այդ հանձնախմբին տրամադրել փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ իբր հաստատվել է Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութերի իսկությունը, նա ասաց. «Նորից պետք է հղում անեմ իմ փաստաբանին, ով շատ սպառիչ պատասխան է տվել։ Ինձ հայտնի չէ փորձաքննություն, ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Ինձ մոտ բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսի մեջ, և ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ անձանց ձեռքին հայտնվել այդպիսի փորձաքննության եզրակացություն»։

Հարցին՝ ինչպես կվերաբերվի, եթե կաթողիկոսը որոշում կայացնի սառեցնել իր լիազորությունները, Արշակ Սրբազանը պատասխանեց. «Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ գեթ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում։

Այս ամբողջը եկեղեցու դեմ, եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսեւորում է։ Մնացյալը տեխնիկայի և տեխնոլոգիաների հարց է։ Ես անկեղծորեն չեմ ցանկանում իմ դերակատարությունը գերագնահատել, կարծում եմ՝ իմ դերակատարությունը գերագնահատում են։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եկիսկոպոսնմերից մեկն եմ, որն ունի իր կեցվածքը, իր դիրքորոշումները, որը հավանաբար շատերին դուր չի գալիս։ Սա շատ բնական եմ համարում, որովհետեւ ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս։ Բայց, ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետեւողականորեն որոշել են իրենց դուր չեկած դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն